Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+miki
A A
Սպորտ

«Ինտերը» հաղթեց «Ատալանտային». Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրի խաղում Միլանի «Ինտերը» Բերգամոյում հանդիպեց տեղի «Ատալանտայի» հետ:

Տանտերերը հաշիվը բացեցին 25-րդ րոպեին, երբ Ադեմոլա Լուկմանը վստահ իրացրեց 11 մ հարվածը: Հյուրերի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն 11 րոպե անց վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդի սկզբում արդեն առաջ մղեց իր թիմին: Քիչ անց «Ինտերը» երրորդ գոլը խփեց, երբ անկյունային հարվածից հետո «Ատալանտայի» պաշտպան Պալոմինոն գրավեց սեփական դարպասը:

Մնացած կես ժամում դաշտի տերերը փորձեցին խուսափել պարտությունից, սակայն դա նրանց չհաջողվեց: 77-րդ րոպեին Պալոմինոն գլխի հարվածով ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը` 2:3:

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց խաղին մինչև 80-րդ րոպեն, որից հետո նա փոխարինվեց:

Միլանյան ակումբը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ առաջնությունում, վաստակեց 30 միավոր և հավասարվեց 2-3-րդ տեղերում գտնվող «Լացիոյին» ու «Միլանին»: «Ատալանտան», հակառակը, երրորդ անընդմեջ պարտությունը կրեց և վաստակած 27 միավորով մնաց 6-րդ հորիզոնականում:

«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի 2023թ հունվարի 4-ին, «Նապոլիի» հետ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով, որը մեկնարկելու է նոյեմբերի 20-ին, Իտալիայի առաջնությունում մեկուկես ամիս դադար է հայտարարվել: