Բացել լրահոսը Փակել լրահոսը
314909372_1191920458073824_7854814948099316806_n
A A
Քաղաքականություն

Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո․ Ա․ Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆբ-ի իր էջում գրել է
 
Պատերազմից 2 տարի անց Կառավարության երեկվա նիստին ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։
 
Խոսքն Ադրբեջանի հետ շփման գոտիներով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իմ առաջարկի մասին է, որը Կառավարությունը հետևողականորեն անտեսում էր, իսկ երեկ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին հայտարարել է ՀՀ Կառավարության ղեկավարը՝ նշելով, որ նման առաջարկ է փոխանցվել Բաքվին (թեև հարց է, թե ինչ մանրամասներ կան):
Իմ այս մոտեցումը մեր մեծ ջանքերով անցյալ տարի անգամ տեղ գտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ-ի հատուկ բանաձևում։
Բայց այս հայեցակարգին աջակցելու փոխարեն ՀՀ կառավարությունը (ԱԺ կառավարող խմբակցության ու նույն քաղաքական թիմի տեղական պաշտոնյաների հետ միասին) անում էր հակառակը` հետևողականորեն հերքում էր սահմանային բնակավայրերում ադրբեջանական անօրինական արարքների վերաբերյալ իմ հայտարարությունները, արդարացնում էր ադրբեջանական անօրինական տեղակայումները, թաքցնում էր խախտումների փաստերը, օրինակ՝ գողություններ, քաղաքացիների նկատմամբ սպառնալիքներ, կրակոցներ և այլն։
Հաշվի առնելով նրանց չդադարող հանցանքները մեր ժողովրդի նկատմամբ և անպատժելիության հովանավորության, թշանամանքի ադրբեջանական պետական քաղաքականության ապացույցները` ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի կամ Արցախի հետ։
Այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը միակողմանի խոսում է խաղաղության դարաշրջանի մասին:
Ակնհայտ է, որ սա երկրի անվտանգության ապահովումը ձախողման տանող քաղաքականություն է:
Ես շարունակում եմ հիմնավորել ու պնդել, որ ադրբեջանական զինված ծառայողները, նրանց ենթակառուցվածքները պետք է հեռացվեն մեր գյուղերի ու ճանապարհների մոտից, ընդ որում` ոչ միայն ներխուժած հատվածներից։
Մեկ կարևոր բան պետք է հաշվի առնել, որ նրանց հեռացումը չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ այս կամ այն վայրը ո՞ր երկրի սահմանների մեջ է:
Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել, որ մինչ այդ մարդկանց նորմալ կյանքը, իրավունքները և անվտանգությունը վերականգնվի:
Սա է առաջնայինը և չի կարող սպասել որևէ րոպե:
Միջազգային հանրությունն այս հարցում կարևորագույն անելիք ունի, որովհետև Սյունիքում, Գեղարքունիքում, ցավոք, արդեն Վայոց ձորում սահմանների հետ կապված վիճակը սկզբունքային առումով հակասում է այն ամենին, ինչ ստեղծել ու հաստատել են այդ նույն հանրությունը:
Բայց մենք ինքներս պետք է ճիշտ աշխատանք տանենք այդ ուղղությամբ:
Սա էլ ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ իմ զեկույցը` միջազգային փորձի վերլուծությամբ, որին կցված է նաև ինտերակտիվ քարտեզ (https://www.ombuds.am/.../26a9d7838a4f87fc198e65daadbc4ef...):