Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոստիկանության բաժանմունքում մահացած Խալաֆյանի գործով ՄԻԵԴ վճռի ազդեցությունը համակարգի վրա (տեսանյութ)

«Դատական ակտից բավարարված ենք, որովհետև դատարանը ամենակարևոր խնդրին էր անդրադարձել, որ ի սկզբանե քննությունը վարվել է միակողմանի, որպես հիմք էր ընդունել հենց այն ոստիկանների վարկածը, ովքեր եղել են նույն սենյակում՝ այսինքն իրենք պոտենցիալ կասկածյալներ էին և բոլորովին հաշվի չի առել իրավապաշտպանների հիմնավոր փաստաթղթերը առ այն, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ ինքնասպանության իմիտացիա, և մահվան իրական պատճառը հենց բռնությունն է՝ մասնավորապես գլխին ստացած հարվածը»,- նշեց ՄԻԵԴ-ում Վահան Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղազարյանը։

Արա Ղազարյանը նշեց, որ դեպքից հետո ոստիկանները պետք է մեկուսացվեին, սակայն չէին մեկուսացվել, և այդ փաստը ՄԻԵԴ-ը իր վճռում հաշվի է առել։

Ըստ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի՝ Վահան Խալաֆյանի աղմկահարույց գործը ցուցիչ է նմանատիպ այլ գործերի համար, և իրավապահ համակարգը պետք է փոփոխությունների ենթարկվի, քանի որ խոշտանգումների գործերը քննչական մարմինները չեն սիրում բացահայտել․ «Մենք գիտենք, որ իրական մեղավորը չի պատժվել։ Շատ կարևոր է գործի վերաբացումը, հիմա հայկական մամուլը պետք է հետևողականություն ունենա այս գործում, որպեսզի գործը ունենա իր դրական հետևանքները»։

Հիշեցնենք, որ 12 տարի առաջ Վահան Խալաֆյանը բերման ենթարկվեց Չարենցավանի ոստիկանություն, ու մի քանի ժամ անց ոստիկանությունը հայտարարել էր, որ նա ինքնասպանություն էր գործել։ Մանրամասները՝ տեսանյութում։