Բացել լրահոսը Փակել լրահոսը
312984332_538695014933600_3426302567923577972_n
A A
Պաշտոնական

Արցախում օդ ու ջրի պես անհրաժեշտ է գազի սակագնի սուբսիդավորումը․ քննարկում ԱԺ-ում

Նոյեմբերի 7-ին ԱՀ ԱԺ մեծ դահլիճում կազմակերպվել է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով՝ հայտնում են ԱՀ ԱԺ-ից։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը:

Առաջարկի վերաբերյալ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի կարծիքը բացասական էր: Հիմնավորելով այն՝ նախարարը նախ որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գազի սուբսիդավորման վրա պետությունը ծախսել է 3,5 մլրդ դրամ, այնինչ այդ գումարները կարելի էր ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով սուբսիդավորման կողմնակից է, շեշտել է ետպատերազմյան շրջանում նման աջակցության կարևորությունը:

«Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս սուբսիդավորումը: Պատգամավորների դերակատարությունը նման առաջարկներով հանդես գալն է, կառավարության գործառույթն էլ միջոցներ գտնելն է»,-ասել է նա՝ ընդգծելով ևս մի կարևոր հանգամանք:

«Եթե գազը թանկ է նստում, մարդիկ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում, արդյո՞ք էներգոհամակարգը դիմակայելու է նման ճնշմանը»,-ասել է նա: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը ներկայացնելով քննարկման նպատակը՝ ասել է, որ կառավարությանը հակադրվելու մտադրություն չկա:

«Ինչքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել բնակչության համար՝ սա է օրակարգում», -ասել է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Սակայն, ըստ նրա՝ սխալ է, որ ծրագիրը համահավասար գործի բոլոր խավերի համար:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այդ ենթատեքստում հիշեցրել է ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի բացակայության մասին:

«Ժամանակին դրա վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, հակառակ պարագայում պարզ կլիներ՝ ով է ծրագրի իրական շահառուն», - ասել է նա՝ հավելելով, որ դա նաև քաղաքական հարց է: Վերջին միտքն իրենց ելույթներում ընդգծել են նաև «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ու «ԱԺԿ» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը:

«Թող տպավորություն չստեղծվի, որ պոպուլիզմով ենք զբաղված: Հարցը քաղաքական տիրույթում է, խոսքը պետական քաղաքականության մասին է, մշակենք համատեղ ռազմավարություն ու առաջնորդվենք դրանով»,-ասել է Մելքումյանը:

«Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: «Հավասարության նշան է դրվում աղքատների և ունևորների միջև, անընդունելի է նման մոտեցումը: Ծրագիրը պետք է հասցեական լինի»,-ասել է նա:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հիշեցրել է, որ կարիքների գնահատման ծրագիրն սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել ու սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև այդ նպատակով էր: ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ներկաների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, թե ինչ արձագանք կգտնի չսուբսիդավորումը: Ամփոփելով քննարկումը՝ Վլադիմիր Կասյանն առաջարկել է կյանքի կոչել գազի սուբսիդավորման ծրագիրը՝ կիրառելով հին մեխանիզմը: