Կյանք ու կլիմա. ինչպես մարդը կորցրեց կապը բնության հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռիում կլիման արդեն այլ է։ «Լոռվա շրջանում՝ Վանաձորից մինչև Լոռվա ձորը, կլիման շատ ավելի մեղմ էր նախկինում։ Հիմա ամառները 30 աստիճանն անցնում է, ու դա մարդկանց համար նոնսենս է»,- ասում է Անտառամուտի բնակիչ Գնել Հակոբյանը։ Ըստ նրա՝ խորը գիտական ուսումնասիրություններ պետք չեն՝ տեսնելու կլիմայի փոփոխությունների հետեւանքները։
«Երբ փոքր էի, պապս ինձ ցույց էր տալիս, թե որոշ բույսեր իր մանկության տարիներին կոնկրետ ինչ բարձրություն ունեին և որ ավելի ներքև՝ տաք գոտում էին աճում: Հետո պատմում էր, որ տարիների ընթացքում շատ բուսատեսակներ կամաց սկսեցին ավելի վերև, դեպի սար բարձրանալ, ուրիշներն էլ ավելի ներքև՝ տաք գոտի սկսեցին տեղափոխվել։ Այսինքն՝ երբ բուսատեսակները փոխում են իրենց ապրելավայրը, հստակ հասկացվում է, որ կլիման իրոք փոփոխության է ենթարկվում ու դա սկսում է ամեն ինչի վրա ազդել՝ թե՛ անասնապահության, թե՛ մարդկանց ապրելակերպի»,- պատմում է Գնելը։
Փոփոխություններն արդեն խնդիրներ են ստեղծել անասնապահության համար․ «Լոռին ավելի շատ անասնապահությամբ է զբաղվում, քան հողագործությամբ։ Հողագործությունը ավելի քիչ է՝ կախված է բնությունից, ավելի շատ այստեղ խոտհարքեր են, անտառ է: Անասնապահության պոտենցալը մեծ է: Տեղում խոտի տուկը 2000-3000 դրամ արժե, ու էդ անասունի տված մսի գինը չի գերազանցում խոտի գինը»:
Գնելը ցավով նշում է, որ կլիմայական փոփոխությունների պարագայում որքան ցավոտ է եղել մարդու դերը։
«Ես, անձամբ եմ ականատես եղել՝ իմ պապի սերունդը ավելի շատ էր կապված բնության հետ, ամեն ծառի, թփի հետ կապ կար․․․Հաջորդ սերնդի մոտ էդ կապը, չգիտեմ, ի՞նչն էր պատճառը ՝ կորավ: Շատերը ասում են դա էդ վատ տարիների հետևանքն էր, բայց անձամբ ես չեմ կարծում, որ դա էր: Չգիտեմ, ինչ-որ բան կատարվեց, էդ կապը կորավ ավելի շատ սկսեցին շահագործել բնությունը, -ասում է նա,- Էդ ծառ կտրելը, ընդհանրապես, գյուղատնտեսությունից հեռանալը․․․կապը կորավ էդ ընթացքում: Օրինակ, մարդու հասցրած վնասներից հրդեհները ինչպե՞ս են լինում։ Մարդիկ ցորենը հնձում են, հավաքում ու հնձած արտը այրում են: Սովետական Միությունից է մնացել էդ թյուրիմացությունը, որ իբր արտը պետք է այրես, որ հարդը վերանա, հողը հարստանա։ Բայց դա գիտական հիմք չունի, իրականում ավելի վնաս է պատճառում հողին: Այդ թյուրիմացության պատճառով կարող է մեծ հրդեհ բռնկվել և, պարբերաբար, լինում է։ Հեկտարներով անտառածածկ տարածքներ են վերանում: Դա ուղղակի չիմացության արդյունք է»։
Խոզանների այրումը արգելված է օրենքով։ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Բնապահպան Նազելի Վարդանյանը նշում է․
«Բայց դրանից էլ չեն վախենում ու ես չգիտեմ թե էդ ի՞նչ մշակույթ ա մտել։ Գյուղացուն պետք է բացատրել, որ դա մի քանի վնաս է տալիս՝ և՛ բնությանն է վնասում, և՛ իր ապագա բերքն է վնասում։ Պետք է հասկանան, որ չանեն, ամեն գյուղացու կողքը ոստիկան չես կանգնեցնի։ Ջրի կորուստ, կենդանական աշխարհի միգրացիա ու կորուստ և դա միայն կաթնասուններին չի վերաբերում, նաև տարբեր միջատներին, սողուններին, որ հենց անտառների տարածքներում են ապրում»։
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի՝ «Շրջակա միջավայրը եւ բնական պաշարները ՀՀ-ում» հրապարակման՝ նախորդ տարի բուսածածկ տարածքներում գրանցվել է 3424 հրդեհ։ Անտառային հրդեհների թիվը եղել է 25։
2017-2020 թվականներին հրդեհների հետևանքով այրվել է 1470 հա-ից ավելի անտառ ու բուսածածկ տարածք:
2022թ-ի տվյալները դեռ ամփոփված չեն։ Առաջին կիսամյակում անտառային տարածքների հրդեհի 5 դեպք է արձանագրվել, այրվել է 10 հա-ից ավելի տարածք:
Ըստ ԱԻՆ-ի՝ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով են անտառային և հարակից բուսածածկ տարածքներում ավելացել հրդեհները, մեծացել դրանց առաջացման և տարածման վտանգը: Անտառային հրդեհների առաջացման պատճառներ են գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, սակայն հիմնական պատճառը մնում է մարդը, որը անտառը դարձնում է կրակի գերի՝ խախտելով հրդեհային անվտանգության կանոնները:
Արտեմ Ղազարյան