Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Օհան Դուրյանի երրորդ վերադարձը (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում տեղի ունեցավ Օհան Դուրյանի արձան–հուշակոթողի հանդիսավոր բացումը։ Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, կառավարության անդամներ։

«Այսօրվա հանդիսությունը թույլ տվեք վերնագրել Օհան Դուրյանի երրորդ վերադարձը»,– բացման խոսքում ասաց մտահղացման հեղինակ՝ բժիշկ, մտավորական, հասարակական գործիչ Վահան Վարդապետյանը։ – 1957թվական՝ վերադարձ խորհրդային Հայաստան, 1991 թվական՝ վերադարձ անկախացած Հայաստանի Հանրապետություն և այսօր՝ 2022 թվականի նոյեմբերի 4-ին՝ վերադարձ երրորդ, կամ հավերժական»։

Իր խոսքում պարոն Վարդաապետյանը նշեց, որ յուրաքանչյուր հուշակոթող կամ արձան պետք է լինի խորհրդանշական ու խորհրդանշական տեղում էլ տեղադրվի։ Կատարողական արվեստի համաշխարհային մեծություն, Հայաստանի ամենաանկախ ու ամենաազատ քաղաքացի Օհան Դուրյանը հավերժ վերադարձավ Ազատության հրապարակ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի հարակից տարածք։

Բացման արարողության ժամանակ հնչում էր Սպենդիարյանի «Էնզելին» և Բեթհովենի  9-րդ սիմֆոնիայի երրորդ մասի ձայնագրությունը, որ մաեստրոն կատարում է «Գևանդհաուզ» նվագախմբի հետ։

Մաեստրոյի այրին՝ տիկին Ալիս Դուրյանը, Վահան Վարդապետյանի հետ բացեցին արձանը։

ՀՀ վարչապետը իր խոսքում  նշեց, որ Վահան Վարդապետյանի խոսքերից դրական լիցքերով  լցվեց և, որ պատիվ  է ունեցել գրեթե Օհան Դուրյանի հետ շփվել այս պատերից ներս ու այս պատերից դուրս։ 

«Դա իրականում թերություն է, որովհետև ավելի ճիշտ կլիներ շփվել այս պատերից ներս, քան հրապարակում։ Անկեղծ պետք է ասեմ, որ երբ գաղափարի մասին լսեցի, ճիշտն ասած, անսպասելի էր, և երբ գաղափարը ավելի մանրամասն ներկայացվեց, հասկացա, որ Օհան Դուրյանի այդպիսի ներկայությունը Ազատության հրապարակում խորհրդանշում է նրա ներկայությունը և այս պատերից ներս և այս պատերից դուրս»։

Վարչապետը նշեց նաև, որ Օհան Դուրյանի ներկայությունը այս տարածքում, խորհրդանշում է նաև բազմաթիվ քաղաքական ընկերների, ովքեր ինչպես այն օրերին, այնպես և այսօր Ազատության հրապարակում են, հանձինս Արամ Սարգսյանի, Վահագն Խաչատուրյանի և Վահրամ Դումանյանի։ Հիշեց նաև իր մասնակցությունն ու ելույթը 2007–ի միտինգների ժամանակ, նշելով տեղը, որտեղից ելույթ է ունեցել։ «Իսկ, քանի որ խառը ժամանակներ են, շատերի անունները չեմ տալիս, քանի որ չգիտեմ անվանատերերը դա դրական կընդունեն, թե ոչ»։

Վարչապետի խոսքով, մտավախություն է ունեցել, թե որքանով հուշակոթողը համահունչ կլինի ակադեմիական թատրոնի էսթետիկային։ «Սակայն  պետք է ասեմ, որ իսկապես հոյակապ կոմպոզիցիա է ստացվել հոյակապ տեղում, որի համար շնորհակալ եմ»։

Նա շնորհավորեց նաև հուշակոթող– արձանի քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին։ «Սմոկինգով կամ ֆրակով Օհան Դուրյանը տեսանելի ու ամբողջությամբ հասկանալի չի։ Մերկացած ձեռքերի այդ անհասկանալի ու միևնույն ժամանակ հասկանալի շարժումն է Օհան Դուրյանը։ Այլ արձան, եթե Օհան Դուրյանը ունենար, համարեք, որ դա Օհան Դուրյանի արձանը չէր լինի։ Ես այսօրվա սիմվոլը ընկալում եմ այսպես։ Օհան Դուրյանը երկու՝ մշակութային և քաղաքական պատվանդաններից իջեցվել է և դրվել է ու հենվել է Հայաստանի հանրապետության հողին։ Եվ շնորհավորում եմ բոլորին այս սիմվոլի առիթով»։