A
A
Նոյեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը՝ նշում է Հիդրոօդերևութաբանության կենտրոնը։
Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է և հանրապետությունում միջինը տատանվում 5-6 օրվա սահմաններում:
Հարավային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքերի թիվը հոկտեմբերի համեմատ շարունակվում է կրճատվել, փոխարենը ավելանում է հյուսիսային լայնություններից եկող ցուրտ օդային հոսանքների ներխուժումները։
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը +1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, առաջին տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում +4°C է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը արդեն բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:
Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.-ի նոյեմբերի 17-ին՝ -15°C:
Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1948, 1973, 1978, 1996, 2001թթ. գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, նույնիսկ հովտային շրջաններում գրանցվել է -6…-12°C ցուրտ:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ:
Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2016 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996, 2010թթ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:
Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ, ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ:
Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ:
Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը։