Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 10.5 տոկոս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2022թ. նոյեմբերի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով ՝ սահմանելով 10.5%:
2022թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 9.9%: 12-ամսյա բնականոն
գնաճը ևս ավելացել է՝ կազմելով 10.5%:
Համաշխարհային տնտեսությունում դիտարկվում են տնտեսական ակտիվության դանդաղման միտումներ: Զարգացած երկրների կենտրոնական բանկերը շարունակում են էականորեն խստացնել դրամավարկային պայմանները:
Սա արտահայտվում է միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի նվազմամբ, սակայն ընդհանուր գնաճը ՀՀ հիմնական գործընկեր երկրներում դեռևս պահպանվում է բարձր:
Չնայած առաջարկի արժեշղթաների որոշակի վերականգնմանը, առանձին շուկաներում դրանց խաթարումների հետ կապված ռիսկերը պահպանվում են: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնաճային ազդեցություններ:
2022թ-ի երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ: Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների և ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը:
Սա միաժամանակ արտահայտվում է ՀՀ արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ և դրամի փոխարժեքի արժևորմամբ: Բարձր պահանջարկը նպաստում է աշխատուժի շուկայի տաքացմանը, ընդհանուր գնաճային միջավայրի
ընդլայնմանը և բարձր գնաճային սպասումների պահպանմանը:
Նման իրավիճակում կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային կոորդինացված զսպող քաղաքականության
իրականացումը:
Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունը և ՀՀ դրամի արժևորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը և գնաճային սպասումների նվազմանը: ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով
ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման
ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն
աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի
շուրջ:
ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում։
Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը: