Բացել լրահոսը Փակել լրահոսը
ինքնահրկիզում  1
A A
Պաշտոնական

Եռաբլուրի մոտ 33-ամյա տղամարդու ինքնահրկիզման դեպքից որոշ հանգամանքներ են պարզվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ 33-ամյա տղամարդու ջերմային այրվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Վերջինիս՝ «ամբողջ մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք» ախտորոշմամբ, Եռաբլուր տանող ճանապարհի մոտից Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:00-ին։

Իրականացված վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են տղամարդու՝ նշված վնասվածքներն ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը։

Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ, ինչից հետո՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին