Բացել լրահոսը Փակել լրահոսը
1095940
A A
Քաղաքականություն

Ռուսաստանը մշտապես աջակցել է հայ ժողովրդին անվտանգության ապահովման գործում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության միակ հնարավոր ճանապարհը տեսնում է  Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պուտինն այս մասին ասել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

«Ինչպես բոլորը քաջատեղյակ են՝ Ռուսաստանն ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել այդ ուղղությամբ կայունությանը և դեռ վաղ ժամանակներից աջակցել է մեր հայ ընկերներին՝ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում: Ինչ վերաբերվում է հայ-ադրբեջանական կարգավորմանը, մենք այսօր ևս անում ենք հնարավոր ամեն ինչ՝ հասնելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման: Բոլորի համար ակնհայտ է՝ ոչ վաղ անցյալում և Ադրբեջանը, և Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, բոլորս մեկ պետության մաս ենք եղել։ Մենք հսկայական քանակի կապեր ունենք Երևանի և Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է»,-նշել է Պուտինը:

Նա արձանագրել է, որ բավականին դժվարին իրավիճակ է,  սակայն, նաև ընդգծել, որ իրենք չեն կարող Ռուսաստանին մոտ պետությունների միջև առկա խնդիրներից ու հակասություններից անմասն մնալ և միշտ պատրաստ են  նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։

«Անկասկած, խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը կարող է լինել այն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումը»,-նշել է ՌԴ նախագահը:

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման։ ՌԴ նախագահն այս հարցը բազմիցս քննարկել է Հայաստանի վարչապետի հետ, և հասկացել՝ հայ գործընկերները լիովին համաձայն են սրա հետ:

«Հարցն այն է, թե ինչպես գտնել այդ լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք կարելի է գտնել միայն այս ճանապարհով: Ապագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի»,-եզրափակել է Պուտինը: