ԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանին ներկայացնելով պահանջ
Աջակցիր «Ա1+»-ինԵԽԽՎ 47 պատգամավորներ հանդես են եկել գրավոր հայտարարությամբ, որով դատապարտում են ադրբեջանական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ, Ադրբեջանին կոչ անում անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։
Հայտարարության մեջ նշվում է․ «Ռազմական ագրեսիայի այս չհրահրված գործողություններով Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի խիտ բնակեցված բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում։ Կան խոշտանգումների, գերիների և մահացած զինվորների, այդ թվում՝ կանանց խոշտանգման դեպքերի մասին վկայող սարսափելի ապացույցներ: Մենք խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիան, որը ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, միջազգային մարդասիրական իրավունքի և Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի՝ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների բացահայտ խախտում է»։
47 պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետագա ցանկացած գործողությունից և ներգրավվել խաղաղ բանակցային գործընթացում։
«Մենք պահանջում ենք ադրբեջանական զինուժի՝ անհապաղ և անվերապահ դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից և բոլոր ռազմագերիների և այլ պահվող անձանց շտապ հայրենադարձումը»,-նշված է հայտարարությունում: