Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քննչական կոմիտե
A A
Պաշտոնական

Հայրը և որդին ձերբակալվել են՝ զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու դեպք:  Հայտնում է ՔԿ-ն։

Ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, 22-ամյա որդու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգներ` յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայով փոխադրել, այնուհետև պահել են իրենց բնակության վայրում, ինչպես նաև` իրենց կողմից համակարգվող ռեստորանային համալիրում:

Նախաքննության ընթացքում իրականացված խուզարկությամբ վերջիններիս բնակության վայրից հայտնաբերվել է երկու հատ ամբողջությամբ լիցքավորված պահատուփ՝ ընդհանուր 80 հատ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով, երկու հատ սվին դանակ, 8 հատ որսորդական փամփուշտ, 31 և 38 հատ այլ զինատեսակի փամփուշտ, իսկ ռեստորանային համալիրից հայտնաբերվել է ինքնաձիգ՝ իր փամփշտակալով՝ ամբողջությամբ լիցքավորված վիճակում, երկու հատ այլ զինատեսակի փամփուշտ, մեկ հատ նռնակ, մեկ հատ պահատուփ՝ լիցքավորված փամփուշտներով և մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող չորացված զանգված։

Նշանակվել են դատաձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձիք։

Երևանի վերոնշյալ բնակիչները ձերբակալվել են՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով:

     Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: