Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Հասարակություն

Արդարացված Կարեն Կունգուրցեւի գործով քաղհայց է ներկայացվել

 Կարեն Կունգուրցեւի  գործով քաղաքացիական հայց է ներկայացվել։  Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մկրտչյանին։

   Հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին։

 Հիշեցնենք, որ 9 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել։ Մեղադրանք էր առաջադրվել Կարեն Կունգուրցեւին։ 9 տարվա երկարատեւ պայքարից հետո Կարեն Կունգուրցեւը վերջնական արդարացվեց։

    Կարեն Կունգուրցեւի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով՝  հայցվորին մեղսագրվող արարքը դասվել է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, նրան բերման ենթարկելու, ձերբակալելու, նրա բնակարանը խուզարկելու, խափանման միջոց կալանք ի սկզբանե կիրառելու, հայցվորի՝ ավելի քան երեք տարի եւ  վեց ամիս կալանավորված լինելու, հարազատների և այլ անձանց հետ տեսակցության ու զանգերի սահմանափակման, քրեական գործի երկարատև նախաքննության և դատաքննության հետևանքով շուրջ 9  տարի մեղադրյալի կարգավիճակում գտնվելու, իսկ հետագայում արդարացվելու պարագայում, անձն օբյեկտիվորեն կարող է ունենալ հոգեկան տառապանքներ, որի հետևանքով հայցվորը կրել է ոչ նյութական վնաս և որը պետք է արձանագրել որպես փաստ։

   «Հայցվորն ավելի քան երեք և կես տարի մեկուսացվել է հասարակությունից, ընտանիքից, սահմանափակվել է վերջինիս տեղաշարժվելու իրավունքը, նրան առաջադրվել է առանձնապես ծանր հանցագործության համար նախատեսված մեղադրանք, քննիչի կողմից կայացվել է որոշում՝  տեսակցությունները և հեռախոսազրույցները արգելելու մասին, որպիսի պարագայում անձի մոտ առաջացել է հոգեկան տառապանք, ինչպես նաև հայցվորը զրկվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքից»,- «Ա1+»-ին ասաց Արայիկ Պապիկյանը։

    Տեղեկացնենք, որ հայցադիմումն ընդունվել է վարույթ, սակայն նիստի օր դեռ չի նշանակվել։