Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Պատիվ է մեռնել սեփական հողի համար, բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա»․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

«Ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտն այլևս բոլորիս համար ստեղծում է հնարավորություններ և քանդում է սահմանները», –չորրորդ Գլոբալ ինովացիոն ֆորումի եզրափակիչ խոսքում ասաց Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ վերջին քսան տարում պատիվ է ունեցել աշխատելու Նուբար Աֆեյանի հետ և այդ տարիներին փորձել են նայել հորիզոնից այն կողմ, նայել երկարատև հայացքով և փոփոխություններ բերել մեր ժողովրդի կյանքում, լինել հավակնորդ ու ներշնչող։ Նա ընդգծեց, որ ունեցել են հաջողություններ, նաև ձախողել ենք երբեմն ու չենք հասել նպատակին։

«Ինչ կարող ենք անել այս իրավիճակում, որ ոչ ոք չէր կարող երևակայել, երբ չգիտենք ինչ կլինի վաղը մեզ հետ, մեր երկրի հետ։ Բացի այն ճգնաժամը, որ տիրում է ողջ աշխարհում, մենք ունենք մեր պատասխանատվության գոտին։ Մենք պատասխանատու ենք այն մարդկանց առջև, որոնք իրենց կյանքը տվեցին պատերազմի ընթացքում։

Տաղանդավոր երիտասարդ մի սերունդ, որ այլևս չեն տեսնելու արհեստական բանականությունը, չեն տեսնելու իրենց երեխաներին, չեն տեսնելու, թե ինչպես է երկիրը դառնում ավելի լավը ու ավելի բարեկեցիկ։ Մենք, ովքեր ապրում ենք այսօր, պատասխանատու ենք ոչ միայն միշտ հիշելու նրանց, այլ պատասխանատու ենք կյանքն ավելի լավը դարձնելու»,–ասաց պարոն Վարդանյանը։

Նրա խոսքով, պետք է ստեղծենք հզոր համայնքներ։ Համայնքները՝ դա ֆեյսբուքյան ընկերները չեն։ Համայնք՝ նշանակում է մարդիկ, ում կարող ենք վստահել, ում ձեռքը կարող ենք սեղմել։

Եվ, քանի որ ունենք մարտահրավերներ, ավելի ու ավելի մեծանալու է առաջնորդների պահանջը, որ կարող են տանել մարդկանց իրենց հետևից։

«Կարևոր է մարդ մնալը։ Մի դարձեք մարդասպան, որովհետև բոլորը սպանում են, մի դարձեք մեկը, ով պատերազմի դաշտում վերցնում է սպանվածի ունեցվածքն ու փախչում մարտի դաշտից։

Մի եղեք անտարբեր։ Կյանքի հակառակը՝ անտարբերությունը չէ։ Դժբախտաբար մենք մի իրավիճակում ենք, երբ վախեցած ենք և փորձում ենք փախչել այդ վախից, խուսափել խնդրից։

Մի մարդ Արցախում, ով երկու անգամ դարձել էր փախստական՝ առաջին անգամ՝ Բաքվից, երկրորդ անգամ՝ Հադրութից, ինձ ասաց․ «պատիվ է մեռնել սեփական հողի համար, բայց ավելի մեծ պատիվ է ապրել այս հողի վրա»,– իր ելույթը եզրափակեց Ռուբեն Վարդանյանը։