Բացել լրահոսը Փակել լրահոսը
1D2_1673 (1)
A A
Պաշտոնական

Հայաստանը ստիպված էր դիմագրավել կրկնակի ճգնաժամի. փոխվարչապետ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպմանը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակցի՝ ԱՀԿ 6 տարածաշրջանից։

Ձևավորվելով 2010թ․-ին Հայիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի նախաձեռնությունն այս տարիների ընթացքում վերածվել է որակյալ բժշկական թիմերի ընդգրկուն ցանցի՝ պատրաստ արտակարգ իրավիճակներում անհապաղ աջակցություն ցուցաբերել բնակչությանը։

Ողջունելով Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է գլոբալ, այդ թվում՝ հանրային առողջապահական ճգնաժամերին արդյունավետ արձագանքելու նպատակով համաձայնեցված և միասնական արձագանք ցուցաբերելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում փոխվարչապետը վերահաստատել է Հայաստանի՝ Արագ արձագանքման բժշկական թիմերի ձևավորմանը և ցանցի արդյունավետ գործունեությանը նպաստելու պատրաստակամությունը։

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ կորոնավիրուսի համավարակին արձագանքելու ուղղությամբ իրականացրած քայլերին՝ փոխվարչապետը նկատել է, որ Հայաստանը ստիպված էր դիմագրավել կրկնակի ճգնաժամի՝ պայմանավորված 2020թ․-ի աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով։ Ներկայացնելով սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիայի հետևանքները, այդ թվում՝ պայմանավորված քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների միտումնավոր թիրախավորմամբ, փոխվարչապետը հատուկ կարևորել է ճգնաժամերին պատրաստվածության և արագ արձագանքման համար ազգային կարողությունների հզորացման անհրաժեշտությունը։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ