Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan - ukraina
A A
Սպորտ

Այսօր` Հայաստան – Ուկրաինա. երկու երկրների 10-րդ հանդիպումը ֆուտբոլի դաշտում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 5-րդ տուրի շրջանակում կընդունի Ուկրաինայի ազգային թիմին:

Սա երկու երկների թվով 10-րդ հանդիպումն է ֆուտբոլային խաղադաշտում: Ավաղ, Ուկրաինայի հավաքականն առայժմ անհաղթահարելի մրցակից է մեր թիմի համար: Նախկինում կայացած 9 հանդիպումներից վեցում հաղթել են ուկրաինացիները, իսկ երեքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Երևանում կայացած 4 խաղերում Հայաստանի հավաքականը կրել է երկու պարտություն, իսկ երկուսում չի որոշվել հաղթողը: Սակայն, եթե «Հրազդան» մարզադաշտում կայացած երկու խաղերում մեր ֆուտբոլիստները չեն կարողացել գրավել մրցակիցների դարպասը (0:2, 0:0), ապա «Հանրապետական» մարզադաշտում մերոնք 4 անգամ ուկրաինացիներին ստիպել են խաղը վերսկսել կենտրոնից (2:3, 2:2):

Վերջին անգամ կողմերը Երևանում հանդիպել են 20 տարի առաջ, 2002թ սեպտեմբերի 7-ին: Դա արգենտինացի մարզիչ Օսկար Լոպեսի նորամուտն էր Հայաստանի հավաքականում: Մեր ֆուտբոլիստները չնայած առաջին խաղակեսում երկու գոլ բաց թողեցին, սակայն երկրորդում կարողացան հավասարեցնել հաշիվը և փրկել խաղը:

Նշենք, որ չորս տուրից հետո Ուկրաինայի հավաքականը 7 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը, իսկ Հայաստանի ընտրանին 3-ով գտնվում է վերջին` 4-րդ հորիզոնականում: Ընթացիկ մրցաշարում թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է ուկրաինացիների վստահ հաղթանակով` 3:0, ընդ որում տանտերերը գոլերը խփել են վերջին կես ժամում: Հավանաբար այս փաստերն են պատճառը, որ բուքմեյքերներն այսօրվա խաղում կրկին ֆավորիտ են համարում Ուկրաինայի հավաքականին` 1,50 գործակից հաղթանակի համար` Հայաստանի 6,50-ի դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան – Ուկրաինա հանդիպումը կսկսի ժամը 17:00-ին: Այն կցուցադրվի Հանրային հեռուստաալիքով: