Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+kaparos
A A
Սպորտ

Ես երբեք արդարացումներ չեմ փնտրում. Խոակին Կապառոս

Վաղը կայանալիք Հայաստան - Ուկրաինա հանդիպմանն ընդառաջ, այսօր «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հրայր Մկոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Լրագրողների հարցերին նախ պատասխանեց Հրայր Մկոյանը:

- Վերջին 2 խաղն է մնացել Ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Հավանաբար թիմի առջև կա վերջին տեղից խուսափելու և Բ դիվիզիոնում մնալու առաջադրանք։ Ըստ Ձեզ որքանո՞վ է հնարավոր Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներում հնարավորինս լավ հանդես գալ և այդ առաջադրանքը կատարել։

 

- Մարզչի կողմից, բնականաբար, կա նման առաջադրանք։ Մենք գիտենք, որ Ուկրաինան և Իռլանդիան բարձրակարգ թիմեր են, ունեն լավ խաղացողներ։ Ֆուտբոլիստների կողմից էլ կարող եմ ասել, որ բոլորը շատ լավ են պատրաստվել, լավ տրամադրվածությամբ պետք է դուրս գանք խաղադաշտ և այնպես անենք, որ խաղն ավարտվի մեզ համար դրական արդյունքով։

 

- Դուք մասնակցել եք Ուկրաինայի դեմ առաջին խաղին։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք այդ թիմի խաղից։

 

- Նորից նշեմ, որ ունեն բարձրակարգ խաղացողներ, լավ թիմ է։ Բայց ամեն դեպքում մենք կարողացանք նրանց հետ լավ հանդիպում անցկացնել։ Ճիշտ է՝ պարտվեցինք, բայց հնարավոր է նրանց հետ խաղալ և հաղթել։

 

- Դուք պաշտպանության ֆուտբոլիստ եք, իսկ մենք ունենք կորուստներ Վարազդատ Հարոյանի և Էդուարդ Սպերցյանի տեսքով։ Ավելի շատ երևի հարցս Հարոյանի մասին է, որքանո՞վ կզգացվի նրա բացակայությունը վաղվա խաղում։

 

- Վարազդատ Հարոյանը մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Եթե վաղվա խաղում նա լիներ, երևի ավելի հեշտ կլիներ։ Ամեն դեպքում այս պահին նա չի կարող օգնել մեզ։ Նա մեզ կմիանա Իռլանդիայի դեմ խաղին։ Իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք լրացնել այդ բացը։

Ապա հարցերին պատասխանեց Խոակին Կապառոսը:

 

- Արդյո՞ք հետևում եք Արթուր Քարտաշյանի խաղին, ով հանդես է գալիս Կիպրոսում և մշտապես խաղաժամանակ է ստանում իր ակումբում և բավականին լավ է խաղում։ Եվ ինչո՞ւ նա չի հրավիրվել ազգային հավաքական։

 

- Որովհետև այս երկու խաղերի համար ես նպատակահարմար գտա հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք հրավիրված են։ Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել հավաքական։ Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ցանկանում, ապա ասեմ, որ այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները իմ կարծիքով ավելի ուժեղ են։

 

- Պարոն Կապառոս, ինչու՞ Սարգիս Ադամյանը, ով միակ հայ ֆուտբոլիստն է, ով հանդես է գալիս Թոփ-5 առաջնություններում, չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։ Կնշե՞ք պատճառը։

 

- Սաքոն այն տղան է, որին բոլորս սիրում և գնահատում ենք, բայց եթե ուզում եք կոնկրետ պատասխան ստանալ, ապա նրա բացակայության պատճառը հենց ինքն է։ Եթե ավելի կոնկրետ եք ուզում իմանալ, զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ։

 

- Օրեր առաջ մեր ապագա մրցակից Ուկրաինան հանդիպեց Շոտլանդիայի հետ և պարտվեց 0։3 հաշվով։ Ի՞նչ տպավորություն ստացաք կոնկրետ մեր ապագա մրցակցից այդ խաղում և ի՞նչ ակնկալիքներ ունեք վաղվա հանդիպումից։

 

- Այո՛, դիտել եմ հանդիպումը և շատ բարձր կարծիք ունեմ Ուկրաինայի հավաքականի մասին։ Կարելի է ասել, որ մենք իրոք բարդ խմբում ենք հայտնվել։

 

- Մխիթարյանի հեռանալուց հետո նրա ֆունկցիաները խաղադաշտում մեծամասամբ կատարում էր Էդուարդ Սպերցյանը։ Այս խաղում նա էլ չկա։ Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը։

 

- Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որն անընդհատ առաջադիմում է։ Սակայն շատ լավ գիտակցում էինք, որ դեղին քարտից հետո չէինք կարող այս խաղում նրա հետ հույսեր կապել։ Վստահ եմ, որ այն ֆուտբոլիստը, որը կփոխարինի Սպերցյանին, շատ լավ կդրսևորի իրեն և կնպաստի նրան, որ մեր երկրպագուներին ուրախություն պարգևենք։

 

- Նախկինում պարբերաբար ներկա էիք գտնվում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Իսկ հիմա տրիբունաներում Ձեզ չենք տեսնում։ Արդյո՞ք դա պայմանավորված է այն փաստով, որ Ձեր պայմանագրի ժամկետը լրանում է։ Եվ հարցի մյուս մասը։ Ազգերի լիգայի ավարտից հետո, եթե ՀՖՖ-ն ցանկանա շարունակել Ձեզ հետ համագործակցությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը։

 

- Հայաստան գալուցս ի վեր ես միշտ ներկա եմ եղել Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Երևի թե միայն վերջին մեկ կամ մեկուկես ամսվա ընթացքում շատ չեմ եղել մարզադաշտերում։ Երկրորդ հարցին կպատասխանեմ միայն՝ Ուկրաինա, Ուկրաինա, Ուկրաինա։

 

- Պարոն Կապառոս, խոսեցինք այն մասին, որ բացակայելու են որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Էդուարդ Սպերցյանը։ Ունենք Հովհաննես Հարությունյան, որը հիանալի մրցելույթներ է ունենում Կոնֆերենցիաների լիգայում «Փյունիկի» կազմում։ Կարծում եմ խաղային մեծ աճ է գրանցել վերջին ժամանակաշրջանում։ Կուզեի լսել Ձեր կարծիքը։

 

- Լավ է խաղում, դրա համար էլ այստեղ է։ Քանի որ ակումբում իրեն լավ է դրսևորում, այդ պատճառով էլ հրավիրվել է։ Խոսքս գնում է ոչ միայն այս հավաքի մասին, նախկինում ևս նա հրավիրվել է մեր կողմից։

 

- Ուկրաինայի խաղի հետ կապված քանի՞ խաղային պլան ունեք։ Ինչ եք կարծում, ինչի՞ շնորհիվ մենք պետք է հաղթենք, քանի որ չունենք գոլ խփող ֆուտբոլիստ առաջնագծում։

 

- Ուկրաինան շատ լավ թիմ է, մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, եթե ցանկանում ենք լավ արդյունքի հասնել։

 

-Գո՞հ եք այս փուլում Ձեր գլխավորությամբ մեր հավաքականի գրանցած արդյունքներից, և մի՞թե սա է Ձեր մաքսիմումը։

 

- Որևէ մեկը պարտվելիս չի կարող գոհ լինել։ Բայց ես այն մարզիչներից չեմ, որը մշտապես արդարացումներ է փնտրում։ Երբեք իմ կարիերայի ընթացքում նման բան չեմ արել։ Սակայն ունենք այն միավորները, ինչ ունենք։