Լեւոն Ջուլֆալակյանը հրապարակեց կազմը
Հայտնի դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի փետրվարի 17-20-ը Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը: Այդ մասին «Ա1+»-ի մարզական թղթակիցը տեղեկացավ հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից:
«Մարզչական խորհրդի որոշմամբ հավաքականի կազմում ընդգրկել ենք 11 ըմբիշ, քանի որ մեր մյուս ըմբիշներն այդ ժամանակ մասնակցելու են Սլովենիայում անցկացվող միջազգային մրցաշարին»,-ասաց նա:
Մինսկում Հայաստանը կներկայացնեն հետեւյալ ըմբիշները. Արմեն Չոմարյան (55 կգ քաշային կարգ), Նարեկ Խաչատրյան (55 կգ), Արթուր Մկրտչյան (60 կգ), Արտակ Հարությունյան (60 կգ), Հովհաննես Վարդերեսյան (66 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ), Վարշամ Բորանյան (74 կգ), Տիգրան Սահակյան (84 կգ), Հրաչիկ Հովհաննիսյան (84 կգ), Սարգիս Տոնոյան (96 կգ), Վաչիկ Եղիազարյան (+100 կգ):
2011 թ աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 2010-ի աշխարհի թիմային առաջնության մրցանակակիր ընտրանիները` Ռուսաստանի չեմպիոն, Թուրքիայի փոխչեմպիոն, Հայաստանի, Ադրբեջանի բրոնզե մեդալակիրներ հավաքականները, ինչպես նաեւ Իրանը, Բուլղարիան, Հունգարիան, Ղազախստանը, Կուբան եւ Բելառուսը:
Հավելենք, որ Սլովենիայի միջազգային մրցաշարին կմասնակցեն Ռոման Ամոյանը (55 կգ), Վահան Ջուհարյանը (66 կգ), Սասուն Ղամբարյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) եւ Արթուր Շահինյանը (84 կգ):
Մեր հավաքականը այժմ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանի ազգային հավաքականների մարզման կենտրոնում: