Հայկական ֆիլմը դիտելուց հետո հոլիվուդյան դերասանը չի թաքցրել հիացմունքը
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Բիլ Մյուրեյը հիացած է «Ամերիկացի» հայկական ֆիլմով․ նա Հայաստանում ֆիլմ նկարահանելու ցանկություն ունի, որի մասին հայտնել է ֆիլմը դիտելուց հետո։
Ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանի խոսքով՝ դերասանին տպավորել է, թե նկարահանման որակը, թե հագուստը, թե երաժշտությունը,նաև այն փաստը, որ ֆիլմը նկարահանվել է հենց Հայաստանում։ Բիլ Մյուրեյը նաև հատուկ ընդգծել է, թե որքան լավ են իրենց կերպարները մարմնավորել բոլոր դերասանները, անգամ երբ դերը մեծ չէ եղել։
Ամերիկացի կատակերգուին հայ հանդիսատեսը գիտի նրա՝ առավել հայտնի ֆիլմերից ՝ «Գոլֆ ակումբը» (1980), «Ուրվականների որսորդները» (1984), «Արջամկան օրը» (1993), «Թարգմանության դժվարությունները» (2003)։
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված «Ամերիկացի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման:
«Ամերիկացի» ֆիլմը, թեև հայկական է, սակայն լայն աշխարհագրություն ունի։
«Ամերիկացի» ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանն է։ Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և գլխավոր դերակատարը «Էմմի»-ի և «Ոսկե գլոբուս»-ի արժանացած Մայքլ Գուրջյանն է։ Ֆիլմում նկարահանվել է նաև «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից հայտնի Հովիկ Կեուչկերյանը: Դերասանական կազմում են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։