Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ժողովրդավարական համախմբում
A A
Պաշտոնական

Արցախը ոչ միայն իրավունք է, այլև բարձրագույն պատասխանատվություն․ «Ժողովրդավարական համախմբում»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարությունը Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին։

Ազատագրական պայքարում մեր ռազմական հաղթանակների, ազգային երազանքի առկայության և ազգային ինքնության պահպանման համար մղվող պայքարի շնորհիվ ձեռք բերված Արցախի անկախ պետականությունը ողջ հայ ժողովրդի անվտանգ և խաղաղ ապրելու առանցքային երաշխիքներից է։

Ցավոք, արցախյան վերջին պատերազմի հետևանքով ստեղծված իրականությունը և առկա գոյաբանական մարտահրավերները 2 տարի անց էլ շարունակում ենք մնալ խորապես չգիտակցված։

Այլևս փաստ է, որ Արցախի անվտանգության և Արցախի հայկականության երաշխավորումը դուրս է քաղաքական համակարգի հիմնական դերակատարների օրակարգից։ Իշխանությունը փաստացի հրաժարվել է արցախյան օրակարգից, իսկ խորհրդարանական կամ տիտղոսակիր ընդդիմության կողմից արցախյան օրակարգը դրսևորվում է հայտարարություններով, անպտուղ կոչերով և առավելագույնը հանրահավաքներով, որոնք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո միայն ամրապնդել և շարունակում են բարձրացրել իշխանության լեգիտիմությունը։

Այսօր Արցախի հայկականության երաշխավորը կարող են լինել ազգային էլիտաները, որոնք Արցախի հիմնահարցը կդարձնեն համահայկական փոխհամաձայնության առանցքային բաղադրիչը։

Շնորհավորելով Արցախի անկախության օրը, միաժամանակ պետք է գիտակցենք, որ Արցախը հայկական ինքնության առանցքային բաղկացուցիչն ու չափիչն է։

Արցախը ոչ միայն իրավունք է, այլև բարձրագույն պատասխանատվություն, որը պետք է արտահայտված լինի յուրաքանչյուրիս վարքում։