Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սերժ Սարգսյան
A A
Պաշտոնական

Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության
օրվա առթիվ․
 
Այսօր ավանդական շնորհավորանքների, Արցախում տոնական հրավառության և համազգային ուրախության օր չէ այլևս, ինչպես տարիներ առաջ, քանզի անկախությունը վտանգված է, Արցախը դավադրորեն թիկունքից ծանր հարված ստացած, համայն հայության ջանքերով երեք տասնամյակ պահված ու փայփայված, հաղթանակած, անկախ և արժանապատիվ ապրող ու զարգացող Հանրապետության տարածքի զգալի մասը՝ թշնամուն հանձնված:
 
Եվ քանի դեռ թշնամու առաջ տան դռները լայն ժպիտով բացող կեղծ խաղաղասերներն են Հայաստանում ու Արցախում մի ողջ ժողովրդի անունից և այդ նույն ժողովրդի թիկունքում որոշումներ կայացնում, բանակցություններ վարում ու երկիր ներկայացնում, Արցախի և նրա անվտանգության երբեմնի երաշխավոր Հայաստանի համար վտանգներն օրեցօր ավելի մտահոգիչ չափերի են հասնելու:
 
Պետականաքանդ և ազգակործան կառավարիչներին օր առաջ հեռացնելը միայն կարող է այս օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու, արժանապատիվ բանակցություններ վարելու, գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն տալ: Այս պարզ ճշմարտությունը չհասկանալը կարող է կործանանար լինել և´ Արցախի, և´ Հայաստանի հանրապետությունների համար:
 
Ես, մեր քաղաքական թիմը, համախոհներն ու աջակիցներն այս գիտակցումով ենք պայքարել և այսուհետ ևս պայքարելու ենք արտաքին ու ներքին թշնամու դեմ:
Անկախության տոնը վերստին նշելու համար յուրաքանչյուրը պետք է առաջին հերթին իր ներսում սպանի անտարբերությունը, վախը, հուսահատությունը, հավատա սեփական ուժերին, արթնացնի հայի ազատատենչ ոգին, միանա համընդհանուր պայքարին և կրկին մեկ բռունցք դարձած տեր կանգնի անկախ և ազատ ապրելու մեր իրավունքին: