A
A
1000 թեկնածու՝ ԱԺ 190 մանդատի համար. Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրական հիշողություններ.
Ինչպե՞ս են փոխվել խաղի կանոնները, դերակատարները, մեթոդները։
«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1991 թ մինչև մեր օրերը։
Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են հիշեցնում այսօրվա իրականության մասին։
-------------------------------------------
Հայաստանի Ազգային Ժողովի առաջին գումարման ընտրությունները տեղի ունեցան 1995-ի հուլիսի 5-ին:
Նույն օրը քվեարկության էր դրվել նաև Սահմանադրության նախագիծը: Ընտրություններից ընդամենը երեք
ամիս առաջ նախորդ խորհրդարանը, որը կոչվում էր Գերագույն խորհուրդ, ընդունել էր Ընտրական օրենսգիրքը:
Մոտ 1000 թեկնածու մրցում էր խորհրդարանի 190 տեղի համար, որից 150-ը՝ մեծամասնական
ընտրակարգով, իսկ 40-ը՝ մեծամասնական:
Իշխող ՀՀՇ-ն ընտրություններին մասնակցում է դաշինքով, որի մեջ մտած 5 կուսակցություններից մեկը
Հանրապետականն է:
Մասնակից կուսակցություններից են Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն, Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը,
միայն կանանցից բաղկացած «Շամիրամ» կուսակցությունը, որի ստեղծումը կապում են Ներքին գործերի
նախարար Վանո Սիրադեղյանի հետ:
Քարոզարշավի օրերին մամուլը գրում է անկախ Հայաստանի առաջին ընտրակաշառքի մասին՝ ընտրողներին
ալյուր է բաժանվում: Ընտրություններից կես տարի առաջ Հայաստանում օրենքից դուրս էր հայտարարվել Հայ
Հեղափոխական Դաշնակցությունը, որի մասին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ Դաշնակցությունը
կուսակցություն չէ, այլ ահաբեկչական կազմակերպություն:
Ընտրարշավի առաջին օրերին պատգամավորության մի շարք թեկնածուներ մյուսներին են վաճառում
ընտրացուցակներում իրենց տեղերը։ Բռնություն է արձանագրվում 46-րդ ընտրատարածքում՝ Ռուբեն
Հայրապետյանի կողմնակիցները հարձակվում են ռամկավար ազատական լիբերալ դեմոկրատ Հովհաննես
Դուրգարյանի ու նրա համախոհների վրա։
ԿԸՀ–ն Հայրապետյանին անմիջապես հեռացնում է ընտրացուցակներից։ ԿԸՀ–ն մերժում է նաև Լևոն
Տեր–Պետրոսյանի նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանի թեկնածության գրանցումը՝ առաջադրման
ժամանակ կեղծ ստորագրություններ ներկայացնելու համար։ Մանուչարյանը չի նահանջում, հայտարարում է՝
պետք է ընտրություններ կազմակերպել ամեն տարի, մինչև դրանցից մեկում ընդդիմությունը հաղթի։
Ընդդիմության գործերը լավ չեն՝ ԿԸՀ–ն բանի տեղ չի դնում ՀՀՇ թեկնածու Իշխան Զաքարյանի
պաշտոնաթերթիկում հայտնաբերված կեղծ ստորագրությունները, անմիջապես գրանցում է պատգամավորության
թեկնածու։ Վերջին օրերին ընդդիմությունը հանրահավաքներից գրեթե տուն չի գնում
Ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Երևանի գլխավոր հոգեբույժը հայտարարում է՝
պատգամավորության որոշ թեկնածուներ ունեն հոգեկան ակնհայտ շեղումներ։
Հուլիսի 5-ի ընտրություններին ընդհանուր հաշվով մասնակցում է մեկ միլիոն 183 հազար մարդ, որից միայն
329 հազարն է իր քվեն տալիս իշխող «Հանրապետություն» միավորմանը։ Այդքան քվեն էլ բավական էր
խորհրդարանում մեծամասնություն դառնալու համար: Երկրորդ տեղում «Շամիրամ» կուսակցությունն էր 130
հազար քվեով: Այս ընտրությունները բացառիկ են անվավեր քվեների քանակով՝ ուղիղ 411 հազար 733, որն
ավելին էր, քան հաղթող ուժի հավաքածը։
Խորհրդարան մտած հաջորդ երեք ուժերը՝ կոմունիստական կուսակցությունը, ԱԺՄ-ն և ԱԻՄ-ը միասին
հավաքում են 194 հազար քվե: Համամասնական ցուցակով ընտրվածներից ոչ ոք, ըստ Ընտրական օրենսգրքի,
իրավունք չուներ դուրս գալ իր խմբակցությունից։ Նույն օրը Սահմանադրության օգտին քվեարկում է 828
հազար մարդ, որով էլ այն համարվում է ընդունված: