«Սուրմալու»-ի փոխտնօրենին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Աջակցիր «Ա1+»-ին«Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Ինչպես արդեն դատախազությունը հայտնել է՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հսկող դատախազը 4 անձի նկատմամբ (2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք, 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը) հարուցել է հանրային քրեական հետապնդում:
Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար, և վարույթն իրականացնող մարմնի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդություններ են ներկայացվել նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:
Աբրահամյանը հիշեցրել է, որ դատարանի որոշումներով բավարարվել էին նշված 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:
«Երևան քաղաքի դատախազությունում ստացվել է վերջինիս վերաբերյալ դատարանի ամբողջական որոշումը, ուսումնասիրվել պատճառաբանական մասը: Դատական ակտի անհիմն լինելու հանգամանքով պայմանավորված՝ այսօր դրա դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք»,-ընդգծել է գլխավոր դատախազի խորհրդականը:
Նրա վստահեցմամբ՝ քրեական վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է: Դատախազական հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները (այդ թվում՝ նախաքննական մարմնին կոնկրետ ուղղություններով կոնկրետ վարութային և ապացուցողական գործողություններ կատարելու վերաբերյալ գրավոր ցուցումներով), կատարված ողբերգական դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հրդեհի և պայթյունի առաջացման պատճառները լիարժեք բացահայտելու ուղղությամբ: