Լոռիում Kia Sorento-ն մոտ 700 մետր գլորվելով՝ հայտնվել է ձորում. վարորդի դին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:20–ի սահմաններում Kia Sorento մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 700 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ առվի մեջ, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
Վթարի մասին Լոռու պարեկային գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Մացակ Փանոսյանի, ավագ քննիչ Գևորգ Մուքոյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Գ. Մուքոյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան, որի վրայից պոկվել էր նաև գազաբալոնը և շպրտվել մոտ 300 մետր, տեղափոխվում է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: