Արդարությունը վերականգնվեց մասամբ․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ին15-ամյա Դավիթ Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւի արդարացման դատավճիռը վերջնական ուժ ստացավ։ Դատախազությունը վճռաբեկ բողոք չներկայացրեց։
Հիշեցնենք, որ 9 տարի առաջ՝ 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքում 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանը դանակահարվել էր, ապա հիվանդանոցում մահացել:
Դեպքից ժամեր անց Կարեն Կունգուրցեւը բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին։ Առաջին ատյանը արդարացրել էր Կունգուրցեւին, իսկ Վերաքննիչ դատարանը առաջադրել էր նոր մեղադրանք՝ դիտավորությամբ անձին մարմնական վնասվածք հասցնելը, որն առաջացրել է մահ: Վճռաբեկ դատարանն էլ բեկանել էր գործը եւ ուղարկել առաջին ատյան՝ նոր քննության։ 2019 թ-ից գործը քննող դատավոր Մուշեղ Հարությունյանը եւս արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին, Վերաքննիչ դատարանը նույնպես։
Ինը տարի պաշտպանական, իսկ հետո տուժող կողմը պնդում էին, որ սխալ նախաքննություն է ընթացել եւ իրականությունը չի բացահայտվել։
Պաշտպան Արայիկ Պապիկյանը նշում է, որ արդարությունը վերականգնվեց Կարեն Կունգուրցեւի մասով, իսկ ահա Հովակիմյան ընտանիքի մասով՝ ոչ։
Ըստ նրա՝ դեպքից բավականին ժամանակ է անցել եւ չափազանց դժվար է լինելու նոր քննություն կատարելու համար։ Բայց նաեւ չի բացառում, որ եթե քննիչը եւ դատախազը պատշաճ քննություն իրականացնեն, ապա ամեն ինչ պարզվի։
Արայիկ Պապիկյանի խոսքերով՝ պետք է պարզել, թե այդ օրը ովքեր են եղել ոստիկանության բաժնում եւ նրանց բոլորին հարցաքննել․«Կպարզվի, թե ովքեր են գծել այդ կեղծ սցենարը»։
Կարեն Կունգուրցեւը մոտ 4 տարի գտնվել է անազատության մեջ։ Պաշտպանական կողմը պատրաստվում է նաեւ արդարացվածին փոխհատուցում տալու պահանջով քաղաքացիական հայց ներկայացրել։ Չնայած, ըստ Արայիկ Պապիկյանի, նյութականը չի կարող փոխհատուցել այն վնասները եւ զրկանքները, որը կրել է Կարեն Կունգուրցեւը։ Նրան նույնիսկ խոշտանգել են՝ ցանկալի ցուցմունք կորզելու համար։
Ի դեպ, երբ առաջին ատյանը առաջին անգամ արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին, նա ամուսնացել էր, եւ տղային կոչել մահացած Դավիթի անունով։