Արարատ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է
Աջակցիր «Ա1+»-ինՄիայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։ Նա մեղադրվում է 2022թ-ի փետրվարի 15-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում կատարելու համար՝ այդ կերպ ծանր վիրավորանք հասցնելով վերջինիս։
«Դատալեքս» տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանն որոշել է քրեական հետապնդումը դադարեցնել եւ գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Գործի կարճման հիմք է հանդիսացել նոր Քրեական օրենսգրքի ընդունումը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսգրքով ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվել է։
Հիշեցնենք, որ ծանր վիրավորանքի նախագիծը մշակել էր դատախազությունը։ Այն ուժի մեջ էր մտել 2021 թվականի օգոստոսի 30-ից։
Մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել էր 802 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել 51 անձի վերաբերյալ 48 քրեական գործ, 6 անձի վերաբերյալ 6 քրեական գործով կայացվել էին մեղադրական դատավճիռներ։