Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարի պարգևատրման արարողությանը (տեսանյութ)

Մրցաշարն անկացվել է Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում՝ երկու տարիքային խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան կանայք, 18-ից 40 տարեկան տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 տարեկանից բարձր տարիքի կանայք, 41 տարեկանից բարձր տարիքի տղամարդիկ: Կանայք մրցել են 1000 մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 մետր լողատարածություններում:

Պարգևները մրցանակակիրներին հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը հուշանվերներ և դիպլոմներ է հանձնել նաև ամենատարեց մասնակիցներին:

Վարչապետը ողջունել է ներկաներին, մրցաշարի մասնակիցներին ու մրցանակակիրներին. «Նախ թույլ տվեք բոլորիս շնորհավորել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի առթիվ: Մենք աշխատում ենք, և գաղափարն էլ հենց այդպիսին է՝ «Վարչապետի գավաթի» մրցաշարերն անցկացնել Հայաստանի պետականության համար կարևոր օրերին: Իհարկե, միշտ չէ, որ ճշգրիտ համընկնում է, բայց գավաթի միջոցառումները նվիրված են հենց պետական տարբեր օրերին, և նպատակն էլ հենց դա է՝ ցույց տալ կապն օրվա իրադարձության և քաղաքացու, անհատի միջև, ցույց տալ ապրելու և արարելու, անկախ պետություն ունենալու, հաղթելու մեր կամքը, ճեղքումներ իրականացնելու, նոր գաղափարներ բերելու և նոր գաղափարներն իրագործելու:

Ուզում եմ նախ ևս մեկ անգամ շնորհավորել բոլոր հաղթողերին և շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին՝ առաջին հերթին այս մթնոլորտի համար: Պիտի անկեղծ խոստովանեմ, որ այո, իրոք կար պահ, երբ մտածում էինք, թե մեզ չի հաջողվի իրականացնել «Վարչապետի գավաթ» լողի մրցաշարը, այն էլ Սևանա լճում: Քննարկում էինք և մտավախություն ունեինք, որ հնարավոր է մասնակիցների թիվը մինիմալ լինի: Ի ի վերջո քննարկումների արդյունքում որոշեցինք, որ եթե նույնիսկ մեկ մարդ մասնակցի՝ հանուն այդ այդ մեկ մարդու արձագանքին պետք է մրցաշարն իրագործենք: Չնայած ավելի քան 130 մասնակից ունենալը շատ լավ ցուցանիշ է, բայց մեր խնդիրն է այնպես անել, որ ամեն տարվա հետ մասնակիցներն ավելի շատանան:

Մեր հաջորդ խնդիրն է՝ ի վերջո ևս մեկ անգամ այս միջոցառմամբ ուշադրություն հրավիրել Սևանա լճի, նրա զբոսաշրջային հնարավորությունների և մասնավորապես՝ այս ափի, արևելյան ափի պոտենցիալի վրա, նաև, իհարկե, հնարավորություն ստեղծել, որպեսզի մեր սիրելի հայրենակիցները մրցման մեջ նաև ինքնադրսևորվեն, հնարավություն ունենան իրենց ուժերը փորձարկել: Պիտի խնդրեմ ևս մեկ անգամ ծափերով ողջունենք մեր ամենատարիքով մասնակիցներին, որովհետև իսկապես մեծ անակնկալ էր, երբ իմացա, որ մեր մրցաշարին մասնակցում են 75, 81 տարեկան քաղաքացիներ: Ուզում եմ նաև ընդգծել, որ Վարչապետի հիմնադրամից 200 հազարական դրամ դրամական պարգև կփոխանցվի մրցաշարի ամենատարեց մասնակիցներին:

 

Հարգելի ներկաներ,

 

«Վարչապետի գավաթ» մրցաշարը կայանում է, և ուզում եմ մի նրբության մասին խոսել: Ցանկանում ենք «Վարչապետի գավաթ»-ի մրցաշարարեր իրականացնել այն մրցաձևերից, որտեղ, ըստ էության, հնարավորինս քիչ թանկարժեք ենթակառուցվածքներ անհրաժեշտ կլինեն, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան մարզվել և մասնակցել մրցումներին: Սևանա լիճը, ցավոք, շատ կարճ սեզոնով, բայց մատչելի է բոլորին, բոլորը կարող են լողալ սովորել և պատրաստվել մյուս մրցաշարերին: Այդպես էլ վազքի մրցաշարը, սեղանի թենիսը, չնայած ավելի մեծ ներդրում է պահանջում, սակայն համեմատաբար ավելի մատչելի մրցաձև է, հեծանիվը նույնպես համեմատաբար մատչելի է: Իսկ դպրոցականների խճուղավազք մրցաշարը դառնում է «Վարչապետի գավաթ»-ի շարքի ամենակարևոր, ամենագեղեցիկ անկյունաքարային միջոցառումը:

Կրկին ուզում եմ շնորհակալոււթյուն հայտնել նախ այն ընկերություններին, որոնք աջակցում են այս մրցաշարի կազմակերպմանը: Նշվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անունը: Եվ շատ շնորհակալ եմ, որ աջակցում է լոգիստիկ հարցերով, նաև այն ընկերություններին, որոնք որպես հովանավոր են հանդես գալիս: Իհարկե, ՀՀ կառավարությունը հոգում է մրցաշարի բոլոր ծախսերը և կշարունակի հոգալ, բայց երբ նաև գործընկերներ են միանում, իրենց ներդրումն են բերում այս իրադարձության կազմակերպմանը, դա, իհարկե, կրկնակի ուրախալի է:

Շնորհակալություն կազմակերպիչներին, փրկարարներին, որոնք ուղեկցել են, բոլոր ներկաներին, մրցաշարի մասնակիցներին: Մինչ հաջորդ հանդիպում՝ սեպտեմբերի 20-ին «Վարչապետի գավաթ»-ի հերթական մրցաշարին՝ խճուղային վազքին»