Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_NZ6_2349
A A
Պաշտոնական

Ինստիտուցիոնալ նոր մոտեցումներ մասնագիտական ուսուցման ոլորտին

Այսօր տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում օրենսդրական փոփոխությունների նախագծի քննարկումը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշել է, որ Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք սահմանված են որպես ոլորտի կարևորագույն թիրախներ:

Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարելավել նաև որոշ դրույթներ, օրինակ, ներառականության ապահովման ուղղությամբ, որը նույնպես առաջնային թիրախ է:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին, որն առաջիկայում քննարկվելու է Ազգային ժողովում: Ծրագրով սահմանված են նաև արհեստագործական և միջին մասնագիտական կրթության, մասնավորապես՝ մասնագիտական ուսումնական հաստատությունների (ՄՈՒՀ) զարգացման թիրախային ուղղությունները:

«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին օրենքի քննարկվող նախագծում ներառված են մեր բոլոր այն գաղափարները, որոնք արդեն մի քանի տարի է փորձարկման մակարդակով դիտարկում ենք տարբեր քոլեջներում և ուսումնական հաստատություններում` գործատուների հետ աշխատանքի, կրթության կազմակերպման նոր ձևերի, ուսանողների ակտիվության խրախուսման ուղղություններով: Դրանք դառնալու են ինստիտուցիոնալ իրողություն:

Նախագծում շեշտադրել ենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի այնպիսի թիրախներ, առանց որոնց՝ օրենսդրական կարգավարումների անհնար է հասնել: Շեշտադրումները վերաբերում են շրջանավարտների զբաղվածությանը, կառավարման նոր` մասնավոր հատվածի հետ համատեղ մոդելներ գտնելուն, ֆինանսավորման նոր բանաձևերի կիրառմանը և այլն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Շվեյցարիայի եկեղեցու oգնություն» (HEKS/EPER) կազմակերպության կողմից, որին ներգրավված են նաև «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ն և Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի գյուղատնտեսության, անտառային ու պարենային գիտությունների դպրոցը (HAFL):

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով` կրթական համակարգը երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման, զբաղվածության իրավիճակի, ինչպես նաև միջազգային դիրքի համար առանցքային գործոն է:

Վերներ Թութը նշել է, որ վերջին 12 ամսում ջանքեր են ներդրվել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության զարգացման և արդիականացման ուղղությամբ. «Շվեյցարիան 30 տարի առաջ աղքատ երկիր էր, մինչև որ սկսեց զարգացնել մասնագիտական կրթության համակարգը: Շվեյցարական համակարգն ուսուցման ընթացքում համադրում է տեսական և գործնական փորձառությունը: Ես ուրախ եմ տեսնել, որ Շվեյցարիան Հայաստանի համար վստահություն վայելող գործընկեր է»:

Միջոցառման ընթացքում կրթության փորձագետ Մարինե Հակոբյանը մասնակիցներին ներկայացրել է նախագծով առաջարկվող նոր լուծումները, որից հետո ծավալվել է հարց-պատասխանի ձևաչափով քննարկում:

Փորձագետի խոսքով՝ օրենքի նոր նախագծով վերանայվել և միասնականացվել են օրենքում օգտագործվող հասկացությունները, բարձրացվել են սոցիալական գործընկերների դերը և կարգավիճակը, վերափոխվել են ՄՈՒՀ-երի կառավարման համակարգը և կառուցվածքը:

Նախագծով նախատեսվել է նաև անցում որակավորումների ազգային և ոլորտային շրջանակների, ՄՈՒՀ-երում կրեդիտային համակարգի և դասավանդողների մասնագիտական որակավորման տարակարգի համակարգի ներդրում: Առաջարկվում է վերանայել կրթական ծրագրերի կազմակերպման մոդելները՝ առկա, հեռավար, դրսեկության ձևերի մեթոդաբանական համադրությամբ:

Մանրամասնվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելները և դրանց կազմակերպման կառուցակարգերը: Առաջարկվում է բարեփոխել ՄՈՒՀ-երի ֆինանսավորման մեխանիզմը` որպես ֆինանսավորման աղբյուր նրանց ընձեռելով ձեռնարկատիրական գործունեության իրականացման հնարավորություն։

Ըստ օրենքի նոր նախագծի՝ օրենսդրական բարեփոխումների առանցքում է լինելու ՄԿՈՒ ոլորտի բարելավումը, մասնավորապես՝ ուսանողների գործնական հմտությունների ձեռքբերման մեխանիզմների և մոդելների կատարելագործումը, կրթական գործընթացում մասնավոր հատվածի ներգրավվածությունը՝ սկսած կրթական ծրագրերի մշակումից մինչև կրթական վերջնաարդյունքի ստուգում և գնահատում, ինչպես նաև կրթական գործընթացի բոլոր մասնակիցների՝ ուսանողների, ՄԿՈՒ հաստատությունների և գործատուների համար օրենսդրական երաշխիքների ապահովումը:

Նախագծի քննարկումը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ՝ «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» ծրագրի նախապատրաստական փուլի շրջանակում: Քննարկմանը մասնակցել են պետական մարմիների ներկայացուցիչներ, ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, այլ գործընկեր  կառույցներ: Միջոցառման հիմնական նպատակն էր քննարկել և կատարելագործել օրենքի նախագծով առաջարկվող ՄԿՈՒ ոլորտի կարգավորումները: 

ԿԳՄՍ նախարարություն