Դաս-հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ՝ հայտնում են ԱԺ-ից։
Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ զրուցելիս` աշակերտներից շատերը նախընտրելի են համարել հետագայում իրավաբանի, տնտեսագետի եւ քաղաքագետի մասնագիտությունները:
Նրանց բազում հարցերի պատասխանի առանցքը հիմնականում դպրոցական տարիներին հնարավորինս շատ գիտելիքներ վերցնելն էր, ինչը մարդ եւ մասնագետ ձեւավորելու հարցում մեծ դեր ունի: Աշակերտների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին եւ վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված եւ տապալված օրինակներին:
Խոսելով քաղաքական դաշտում հիշվող կերպարների ընդհանրական գծերից` աշակերտներն իրենց համակրանքն են հայտնել քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվող եւ թեւավոր ու պատկերավոր խոսք ունեցող քաղաքական գործիչների օգտին: Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաեւ գրքերի ընտրության հարցում: