Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական Հասարակություն

Բացահայտվել է թանկարժեք քարերի ու կանխիկ դրամական միջոցների առանց հայտարարագրման տեղափոխման դեպք (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող թանկարժեք քարերի փոխադրման դեպքերը, ինչպես նաև շարունակում է պայքարը հանրապետության սահմանով առանց հայտարարագրման կանխիկ դրամական միջոցների տեղափոխման դեմ։

Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի աշխատակիցները, Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորային համալիրի մաքսային հսկողության գոտում, Արևմտյան մաքսատուն վարչության աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Դուբայ-Երևան ավիաչվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Վ. Ո.-ին, ով ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղի» ընթացակարգը: Նրա նկատմամբ իրականացված մաքսային հսկողության արդյունքում վերջինիս մոտ հայտնաբերվել է 40.900 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար, իսկ անձնական զննման արդյունքում հայտնաբերվել են չհայտարարագրված` տարբեր չափի և քաշի ադամանդե քարեր: Փաթեթավորումների և առկա սերտիֆիկատների վրա առկա տվյալների համաձայն, իրավախախտման առարկա հանդիսացող ադամանդների ընդհանուր զանգվածը կազմում է ավելի քան 70 կարատ։

Քաղաքացու մոտ չհայտարարագրված կանխիկ գումար հայտնաբերելու փաստով՝ կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր` ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, իսկ մաքսային հսկողությունից թաքցված ադամանդե քարեր հայտնաբերելու փաստով՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից առանձնացվել են նյութեր՝ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, որոնք տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին