Բացել լրահոսը Փակել լրահոսը
e95746fe-8306-4a0f-a035-3957c34ee590_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ը ու Իրանը կանգնած են համաձայնության շեմին

Ամերիկայի ձայն

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու վերջնական առաջարկի նկատմամբ Իրանի կողմից ցուցաբերվող ամեն մի քայլ: Համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները շարունակվում են արդեն 16 ամիս:

Այն բանից հետո, երբ Իրանը երեքշաբթի օրը ներկայացրեց 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու մասին Եվրամիության միջնորդների առաջարկին գրավոր պատասխան, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ համագործակցում է իր եվրոպացի գործընկերների հետ՝ Թեհրանի պատասխանը ուշադիր կերպով դիտարկելու համար:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն և իսկապես ամենաարդյունավետ միջոցն է»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց համաձայնագրից և նորից պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Իրանի։ Դրանից հետո էր, որ Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ 2022 թվականին Թեհրանի միջուկային ծրագիրը շատ է տարբերվում 2015 թվականի ծրագրից: Նրա խոսքերով, հենց իրանցիներն են ասում, որ իրենք հսկա առաջընթաց են գրանցում, և ծրագիրը առաջ է ընթանում շատ արագ:

Իրանագետներից Ալեքս Վաթանկան ‘’Skype’’-ի միջոցով ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է, թե Իրանում իր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այս գործարքը վերականգնելու հարցում Իրանում առկա է մեծ լավատեսություն: Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների հետևանքներն Իրանին ավելի են մղում դեպի գործարքը վերականգնելու բանակցություններ:

«Եվ հենց հիմա բացվել է ավելի շատ նավթ վաճառելու հնարավորություն: Ու քանի որ Իրանն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, սա մի լավ հնարավորություն է այդ նպատակին հասնելու համար’’, ասում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ մեկ այլ խնդիր է Իրանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Քաղաքական մեծաթիվ գործիչներ են ասում, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պիտի հիմնված լինի ամերիկացիներին ազատ արձակաելու պայմանի վրա:

Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերը, տեղեկացրել են, որ Իրանը պատրաստ է ամերիկացի բանտարկյալներին փոխանակել Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների հետ: