Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ փոխնախարարը վրաց գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

Օգոստոսի 10-11-ն աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ:

Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, STARMUS միջազգային գիտական փառատոնի կազմակերպչական խմբի անդամները աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ վրաց գործընկերներին են ներկայացրել գիտությունն ու մշակույթը կամրջող STARMUS VI միջազգային փառատոնը՝ նպատակ ունենալով ապահովել լայն մասնակցություն հարևան Վրաստանից գիտության հանրայնացմանը միտված այս աննախադեպ փառատոնին։

Վրաստանի ԿԳ փոխնախարար Նունու Միցկևիչը հատկապես կարևորել է վրաց գիտնականների հնարավոր մասնակցությունը փառատոնին և նշել, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։

Հավելենք, որ փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացվեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Հիշեցնենք, որ Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին նվիրված «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ