Բացել լրահոսը Փակել լրահոսը
080957135312
A A
Հասարակություն

Էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի հարցը կրկին օրակարգում է. Էկոլուր

Նեֆելինային սիենիտը ալյումինի հումք է, որից կարելի է ստանալ նաև բարձրորակ ցեմենտ։

Խորհրդային տարիներին էկոլոգիական բարձր ռիսկերի պատճառով մերժված Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրի արդյունահանման հարցը կրկին օրակարգում է: «Ամ Արտ Շին» ՍՊԸ-ն մտադիր է վերագնահատել Կոտայքի մարզի զբոսաշրջային Ծաղկաձոր համայնքի տարածքում գտնվող Թեժասարի հանքավայրի Թեժագետ նեֆելինային սիենիտների տեղամասի պաշարները: Արդյունքներով հաստատված պաշարների հիման վրա կկազմվի նախագիծ Թեժագետի տեղամասի նեֆելինային սիենիտների արդյունահանման համար: 

Երկրաբանահետախուզական աշխատանքները նախատեսվում է իրականացնել 2022-2025թթ-ին: Հայտի հանրային երկրորդ քննարկումը նշանակված է սույն թվականի օգոստոսի 11-ին` ժամը 12:00-ին, Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում:

Հիշեցնենք, որ դեռ 2012թ-ին Թեժասարի նեֆելինային սիենիտների հանքավայրը ցանկանում էր շահագործել «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը, ինչը մեծ բողոքի ալիք բարձրացրեց տեղի բնակչության և հասարակության շրջանում: Այդ ժամանակ ԷկոԼուրը հրապարակեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի տված հարցազրույցից մի հատված (Деловой экспресс, 2005, N 21), որտեղ նա նշել էր, որ խորհրդային տարիներին Թեժասարի նախագիծը մերժվել է բարձր ռիսկերի և անկատար տեխնոլոգիաների պատճառով:

Ըստ այդ հարցազրույցի՝ ՀԽՍՀ-ի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մանվել Մանվելյանի առաջարկով 20-րդ դարի  60-70-ական թվականներին Հրազդան քաղաքում կառուցվել է լեռնաքիմիական կոմբինատ նեֆելինային սիենիտների վերամշակման և փակ ցիկլով առաջնային ալյումինի ստացման համար: Թեպետ այդ ժամանակ ծրագրի համար արդեն իսկ ծախսվել էր ավելի քան 117 միլիոն ռուբլի, սակայն ծրագիրը կյանքի չկոչվեց.  մասնագետներն ապացուցել էին, որ եթե կոմբինատն աշխատի, ապա 15-20 կմ շառավղով ամբողջ բուսականությունը կոչնչանա:

Իսկ կոմբինատը կառուցվել էր մի վայրում, որտեղ ամեն տարի հանգստանում էր 50 հազար երեխա: Թափոններից ռիսկի կենթարկվեր ոչ միայն մթնոլորտը, այլև ջուրը:

Ըստ Մանվել Մանվելյանի, պետք էր կոմբինատի թափոնները թաղել թափոնների  պատիճային եղանակով, ինչպես միջուկայինների դեպքում է:

Հոդվածն ամբողջությամբ կարդալ ecolur.org