Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 2
A A
Սպորտ

Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց, կանանցը՝ պարտվեց. շախմատի օլիմպիադա

Չենայում ընթացող շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում կայացան 3-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Եգիպտոսի ընտրանուն: Մեր թիմին հաղթանակ բերեց Ռոբերտ Հովհաննիսյանը, որը չորրորդ խաղատախտակի վրա պարտության մատնեց իր մրցակցին: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Մանուել Պետրոսյանն իրենց ախոյանների հետ կիսեցին միավորները:

Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակել է 6 միավոր և շարունակում է տեղ զբաղեցնել առաջատարների խմբում: 100 տոկոսանող արդյունք են ցույց տվել ևս 19 հավաքականներ, այդ թվում ԱՄՆ-ի ընտրանին, որի կազմում հանդես է գալիս Լևոն Արոնյանը: Այսօր մեր հայրնեկակիցը հաղթել է Վրաստանի ներկայացուցիչին և կարևոր միավոր է պարգևել իր նոր թիմին:

Վաղը կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի Ավստրիայի ընտրանու հետ, որն ընթացիկ խաղում 2,5:1,5 հաշվով հաղթել է վարկանիշով 9-րդը համարվող Գերմանիայի թիմին:

Հայաստանի կանանց հավաքականը, որն առաջին երկու տուրերում հաղթանակ էր տոնել միևնույն 4:0 հաշվով, այս անգամ անհաջող հանդես եկավ և զիջեց Էստոնիայի ընտրանուն` 1,5:2,5: Երկրորդից չորրորդ խաղատախտակների վրա հանդես եկող Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանն ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, իսկ ահա մեր թիմի առաջատար Էլինա Դանիելյանը պարտվեց Մայ Նարվային:

Այս սայթաքումից հետո Հայաստանի հավաքականը 4 միավորով զբաղեցնում է 22-րդ տեղը: Չորրորդ տուրում մեր թիմը կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ, որն իր վերջին խաղում 3,5:0,5 հաշվով հաղթել է Ճապոնիային:

Հիշեցնենք, որ օլիմպիադան անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: