Բացել լրահոսը Փակել լրահոսը
16589292692282
A A
Պաշտոնական

Դեսպանությունում կայացել է Հայաստանին Ի․ Իսակովի անձնական իրերի փոխանցման արարողությունը

Հուլիսի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանության շքասրահում կայացել է Դմիտրի Խմելյովի մասնավոր հավաքածուից Խորհրդային միության նավատորմի հայազգի ծովակալ, ԽՍՀՄ հերոս Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) անձնական իրերի փոխանցման արարողությունը ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանին։

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ ՊՆ, ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի թանգարանի, ՌԴ ԶՈՒ Կենտրոնական թանգարանի ներկայացուցիչները, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները։

Ելույթ ունենալով միջոցառմանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր շնորհակալական խոսքերն է հայտնել Դ․Խմելյովին նախաձեռնության համար և ընդգծել Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների պատմության մեջ մեծ դերակատարում ունեցած անվանի գործիչների և հերոսների հիշատակի պահպանման կարևորությունը։

«Այսօրվա միջոցառմամբ մենք առաջին հերթին հարգանքի տուրք ենք մատուցում անվանի ծովակալին, ում անցած ռազմական ճանապարհը հանդիսանում է սեփական կոչմանն ու Հայրենիքին ծառայելու եզակի օրինակ։ Հ․Իսակովը ոչ միայն տաղանդավոր նավաստի էր, ով արժանացել էր ծովակալի կոչմանն ու դարձել առանցքային գործիչ Խորհրդային միության ռազմածովային գործում, այլ նաև ականավոր գիտնական էր», - նշել է դեսպան Հարությունյանը։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև դեսպանության ներքո ՌԴ-ում ՀՀ ռազմական կցորդ գեներալ-մայոր Արմեն Լալայանը, խորհրդային և ռուսաստանյան ռազմական գործիչ, ՌԳԱ անդամ, փոխծովակալ Աշոտ Սարկիսովը, ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, առաջին աստիճանի կապիտան Վալերի Լապինը  և մասնավոր կոլեկցիոներ, ՌԴ ԶՈՒ Կենտրոնական շրջանի հանրային խորհրդի անդամ Դմիտրի Խմելյովը։

Նշենք, որ հայկական կողմին փոխանցված Հ․Իսակովի անձնական իրերի շարքում են՝ զեկույցի համար նախատեսված թղթապանակը, մեդալի շնորհման մասին վկայականը ծովակալ Նիկոլայ Կուզնեցովի ստորագրությամբ, տարբեր լուսանկարներ, շնորհավորական հեռագրեր՝ ուղարկված մարշալ Սեմյոն Բուդյոնիի, մարշալ Ռադիոն Մալինովսկու, մարշալ Հովհաննես Բաղրամյանի և այլոց կողմից։ Վերոհիշյալ իրերը ժամանակավոր պահպանմանը հանձնված են եղել Սամարայի կայազորի թանգարանում։