Իրավաբանների հայկական ասոցիացիան Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին«Իրավաբանների հայկական ասոցիացիան» մտահոգություն է հայտնել քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ
Ս․թ․ հուլիսի 21-ին «Իրավաբանների հայկական ասոցիացիան» հանդես է եկել հայտարարությամբ քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի կալանավորման վերաբերյալ, հայտարարությունը մեջբերված է ստորև․
«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում Հայաստանում Իրավական պատշաճ գործընթաց ապահովել և օրենքի գերակայության նկատմամբ հարգանք ցուցաբերել.
«Իրավաբանների հայկական ասոցիացիան» խորապես մտահոգված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի շարունակական կալանքի հետ կապված պատշաճ գործընթացի բացակայությամբ։ Որպես առաջին անգամ մեղադրվող, այն էլ ոչ-բռնի քրեական գործով՝ ավելի քան երկու ամիս նախնական կալանքը բանտում ցույց է տալիս պատշաճ ընթացակարգերի եւ օրենքի գերակայության նկատմամբ բացահայտ արհամարհում: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և մարդու իրավունքների միջազգայնորեն ընդունված չափանիշների, կալանավորումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ ողջամիտ հիմք կա եզրակացնելու, որ այլընտրանքային խափանման միջոցները, ինչպիսիք են գրավը, տնային կալանքը կամ ճանապարհորդության սահմանափակումները, անբավարար կլիներ:
Մեղադրյալը պնդում է, որ գործը, ինչպես նաև այս անհամաչափ խափանման միջոցը քաղաքական դրդապատճառներ ունեն՝ մատնանշելով, որ մեղադրող կողմը ցույց չի տվել և դատարանը չի ներկայացրել որևէ «ողջամիտ հիմք» այս կալանքի համար։ Առավել մտահոգիչ է այն, որ Ավետիք Չալաբյանի դեպքը վերջին տարիներին արդարադատության իրականացման ոլորտում նման թերացման եզակի դեպք չէ։
Անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր սեփական ներպետական օրենքներով և միջազգային պայմանագրերով հարգել և պահպանել մարդու իրավունքները պաշտպանող և օրենքի գերակայություն ապահովող միջազգայնորեն ընդունված սկզբունքները՝ արդար դատավարություն, անմեղության կանխավարկած, արձանագրված ապացույցների վրա հիմնված որոշումների կայացում և քաղաքական ուժերի կողմից դատական գործընթացին միջամտության բացառում։
«Իրավաբանների հայկական ասոցիացիան» կոչ է անում իշխանություններին ապահովել պատշաճ ընթացքակարգ Ավետիք Չալաբյանի և մյուսների նկատմամբ, իրենց պարտավորությունների շրջանակներում պաշտպանել մարդու իրավունքները և պաշտպանել օրենքի գերակայությունը»։
Տեղեկացնենք, որ «Իրավաբանների հայկական ասոցիացիան» ձևավորվել է 1989 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ ծագումով հայ իրավաբանների համար սոցիալական և մասնագիտական համախմբման հարթակ ստեղծելու և հայ համայնքի իրավական խնդիրները լուծելու համար: Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծմամբ ասոցիացիան ստանձնեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու զարգացմանը նպաստելու գործը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիան» հարթակ է, որտեղ տարբեր ծագում ունեցող և իրենց կարիերայի տարբեր փուլերում գտնվող փաստաբանները կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Նման փոխանակումը կազմում է Ասոցիացիայի մասնագիտական աճի և համայնքի առաջխաղացման երկակի նպատակների հիմքը: Այս փոխանակումն արտահայտվում է Ասոցիացիայի աշխատանքում՝ աջակցելով Հայաստանի Հանրապետությունում օրենքի գերակայության վրա հիմնված հասարակության ձևավորմանը:
«Իրավաբանների հայկական ասոցիացիայի» հիմնարար նպատակն է ձեռնարկել միջազգային իրավունքով թույլատրված ցանկացած և բոլոր քայլերը՝ ապահովելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը և պաշտպանելու Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ երաշխավորված է միջազգային իրավունքով: