Վարդավառին սպիտակ դարձրին սևացած արագիլներին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում բնակվող սպիտակ արագիլները կանգնած են գոյատևման խնդրի առաջ։
Արդեն մի քանի տարի է՝ տարբեր պատճառներով նրանք աղտոտվում են, յուղոտվում այնքան, որ դառնում են սև, ծանրանում իսկ հետո կորցնում իրենց թռչելու կարողությունը, որից հետո մնում սոված, հյուծվում կամ ստանում տարբեր վնասվածքներ։
Մի խումբ կենդանաբաններ եւ թռչնաբաններ փորձում են փրկել արագիլներին։
Արագիլներին լվանալու օրն այս անգամ ընտրել էին ազգային-եկեղեցական տոնին, քանի որ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը։
Աղավնիներն, ըստ կենդանասերների, այս դեպքում արագիլներն էին, որոնց նախապես արդեն բուժել էին, կերակրել։
Արագիլների՝ նախապես հայտարարված լողացման արարողությանն մասնակցեցին ոչ միայն հայաստանցիներ, այլև Ռուսաստանից տեղափոխված աշխատանքային վերաբնակները։ Մոտ 20 կամավոր մասնակցեց 14 արագիլների լվացմանը։
«Սպասվում է, որ բոլոր արագիլներին, 5-10 օրից բաց կթողնեն։ Լողանալուց հետո, թռչուններին ժամանակ է պետք, որ մի փոքր ուշքի գան, լավ սնվեն, կազդուրվեն, իսկ փետուրներն էլ չորանան ու նորից ապահովեն թռչողականությունը»,-հայտնել է Protection of Endemic and Endangered Species-ի հիմնադիր Մանուկ Մանուկյանը։
Ըստ նրա Protection of Endemic and Endangered Species-ը, BirdLinks Armenia-ն և պարզապես բնասերներները, շարունակելու են զբաղվել արագիլների աղտոտման հետևանքների դեմ պայքարի խնդիրներով։
«Արագիլների հետ կատարվող այս աղետը խորը էկոլոգիական խնդիր է, որի պատճառներից են Արարատյան դաշտի ջրագծերի աղտոտվածությունն ու աղբանոցները։ Պատճառները չեն վերացել, պայքարը շարունակվում է»,- ասել է նա։