Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Քաղաքականություն

ԱԺԲ-ն խոստանում է՝ ամեն ինչ անել «կարճաժամկետ հեռանկարում գողացված հեղափոխությունը ժողովրդին վերադարձնելու» համար

ՀԱՅՏԱՐԱՐՈԻԹՅՈԻՆ

 

Ապստամբությունը բնական իրավունք է

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը արևմտյան քաղաքակրթության անկյունաքարային սկզբունքներից կարևորագույնն է: Այդ քաղաքակրթության ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև հայ ազգը:

 

Ըստ այդմ, երբ անհատի, կամ մի խումբ անձանց կողմից իշխանությունը յուրացվում է, թեկուզ և կեղծ ժողովրդավարության շղարշի ներքո, ավելին` կառավարիչների կողմից սպասարկվում է օտարի շահը, ապա ապստամբությունը դառնում է բնական իրավունք։ Ըստ էության, ապստամբությունը ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։ Այդ իրավունքն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում, այդ թվում նաև մինչ օրս, Հայաստանի Հանրապետության՝ սոսկ դեկլարատիվ բնույթ կրող ու չիրացված, սահմանադրության մեջ` ի դեմս վերոհիշյալ իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ դրույթի։

Վերջին դարերում այլ քաղաքակրթություն դավանող ուժերը նվաճել են մեր երկիրը, գաղութացրել են և առայսօր շարունակում են տիրել մեզ: Ցավոք, այդ ընթացքում օտար ուժերին սպասարկողներ մեզանում գտնվել են մշտապես: Դրանց թվին են պատկանում նաև 1991 թվականից de jure անկախ, սակայն de facto նեոգաղութացված Հայաստանի նշանակովի բոլոր ադմինիստրացիաները:

2016 թվականի հուլիսի 17-ին հայ ազգի նվիրյալ զավակներից բաղկացած Սասնա Ծռեր խմբավորումը ապստամբեց օտարի շահը առաջ մղող օրվա իշխանությունների և նրանց հովանավորող օտարերկրյա ուժերի դեմ: Սասնա Ծռեր խմբավորումը զինված ապստամբությամբ իրացրեց բնական իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։ Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրը սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։

Ապստամբությունը չհասավ իր վերջնական նպատակին, բայց, այդուամենայնիվ, նախադրյալներ ստեղծեց և ժամանակ տրամադրեց իշխանություններին՝ խուսափելու սպասվող աղետից, որը պետք էր պարզապես խելամտորեն օգտագործել: Ավաղ, ժամանակը մսխվեց, ցուցաբերվեց հանցավոր անգործություն, ոչինչ չարվեց օտարի ծրագրերին հակազդեցություն կազմակերպելու համար: Հակառակ դրան, գաղութարարը կրկին նախաձեռնողականություն ցուցաբերեց և 2018 թվականի կեղծ հեղափոխությամբ իշխանության բերեց նոր, բոլորովին արդեն անհայրենիք խամաճիկների, որոնց միակ առաքելությունը ռուս-թուրքական վերջնական հայակործան ծրագրի սպասարկումը պետք է դառնար: Ծրագրի առաջին մասն ի դժբախտություն մեզ հաջող իրականացվեց` Արցախը հանձնվեց թշնամիներին, այժմ ընթանում է Հայաստանի լուծարման ռուս-թուրքական ծրագրի վերջին արարը: Այդ առումով, բոլորովին պատահական չէ, որ երկարատև ազատազրկման են դատապարտվում Սասնա Ծռեր խմբավորման անդամները, քանի որ հենց նրանք են հայակործան ծրագրերը խափանողները, ըստ այդմ գաղութարարի և նրա խամաճիկ կառավարիչների համար վտանգ ներկայացնողները: Բնական էր, որ 30 տարի Հայաստանը կեղեքած որևէ հանցագործ իշխանավոր պատիժ չպետք է կրեր, ավելին` նրանցից շատերը այժմ էլ դիրքավորել են որպես ընդդիմադիրներ և շարունակում են գաղութարարի սցենարով մոլորեցնել հասարակությանը, նպատակ ունենալով թույլ չտալ ազգային զարթոնքի սկզբնավորումը:

Այդուհանդերձ, ընդունելով, որ պահն օրհասական է, որ հայ ազգը կանգնած է ճակատագրական` լինել-չլինելու խնդրի առջև, Ազգային-ժողովրդավարական բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է կարճաժամկետ հեռանկարում գողացված հեղափոխությունը ժողովրդին վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու՝ նրա իղձն իրականություն դարձնելու համար։

 

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

17 հուլիսի 2022 թ․, Երևան