Պատերազմում ոտքը կորցրած սպային զրկել են կարգից ու ամենամսյա փոխհատուցումից
Աջակցիր «Ա1+»-ինՊահեստազորի սպա, լեյտենանտ Արամ Քալանթարյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներից մեկն է, ով վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում և կորցրել ստորին վերջույթներից մեկը։ Հրաշքով ողջ մնացած պահեստազորի սպան պատերազմի ավարտից հետո կանգնել է խնդիրների առաջ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին զորակոչվել եմ պաշտպանելու հայրենիքս։ Պատերազմական գործողությունների ընթացքում վիրավորվել եմ, զրկվել մեկ ոտքից, սկզբում ստացել եմ 2-րդ կարգի ընդհանուր հիվանդության, ապա` զինհաշմանդամի կարգավիճակ, որի համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից նշանակվել է հատուցում»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Արամ Քալանթարյանը՝ նշելով, որ և Զինվորների ապահովագրության հիմնադրամից և ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից ստացել է հավաստիացումներ, որ նշված ամենամսյա հատուցումները վճարվելու են 20 տարվա ընթացքում, անընդմեջ։
Քալանթարյանի խոսքով՝ հաշմանդամության վերափորձաքննության ժամանակ հաշմանդամության 2-րդ կարգը փոխարինվել է 3-րդ կարգով, որի հետևանքով դադարեցվել են նաև Զինվորների ապահովագրության հիմնադրամի հատուցումները։
«Վերափորձաքննության ժամանակ ինձ ներկայացվել է ինչ-որ ցուցակ, ենթադրաբար Սոցապ նախարարության կողմից տրամադրված, որի մեջ նշված էր, որ մեկ ոտքի բացակայության դեպքում 2-րդի փոխարեն 3-րդ կարգ է սահմանվում, եթե այլ՝ ուղեկցող հիվանդություններ չկան։ Փորձաքննիչ բժիշկներն այդպես էլ հոդաբաշխ կերպով չկարողացան բացատրել, թե ինչպես է մի վերջույթ կորցրած անձնավորության կարգավիճակը հավասարեցվում խրոնիկական ճնշում ունեցող անձի կարգավիճակին»,-զարմացած նկատում է Արամ Քալանթարյանը՝ հավելելով․ «Հնչեց արտահայտություն, որ «դե վերքը լավացել է, դուք միանգամայն աշխատունակ եք», կարծես խոսքը սովորական վերքի մասին էր, և ոչ թե բացակայող վերջույթի, որը վերականգնման ենթակա չէ և ցմահ սահմանափակում է հանդիսանում»։
Պահեստազորի սպան ասում է, որ հաշմանդամության կարգը որոշելիս բացարձակապես հաշվի չի առնվում այն փաստը, որ հաշմանդամությունը ձեռք է բերվել մարտի դաշտում և արտադրական կամ կենցաղային տրավմա չէ։
«Նմանատիպ վիրավորում ունեցող անձինք նաև կրել են կոնտուզիա և ունեն հետտրավմատիկ սթրես, որոնք երկարաժամկետ, անդառնալի հետևանքներ են թողնում՝ օրինակ անքնության և նյարդային խնդիրներ։ Հաշվի չի առնվում նաև այն, որ չնայած շարժունակություն ապահովող պրոթեզի առկայությանը (որն, ի դեպ, տրամադրվել է Ethernal Nation հիմնադրամի և ոչ թե ՀՀ բյուջեի միջոցներով), վերջույթից զրկված անձինք զգալի սահմանափակումներ ունեն, ինչպես կենցաղում, այնպես էլ հասարակական վայրերում, ինչպես նաև այն փաստը, որ պրոթեզները նախատեսված չեն մշտական կրման համար և օրվա մի մասի ընթացքում տեղաշարժման այլ միջոցներ ենք կիրառվում (սայլակներ, հենակներ, և այլն)»,- ասում է Քալանթարյանը և ընդգծում, որ սա միայն մի մասն է անարդարության այն ցանկից, որին հենց հիմա բախվում են վերջին պատերազմի մասնակից զինհաշմանդամները։
Երկու զավակների հայրը, օգտվելով հնարավորությունից, դիմում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն, ինչպես նաև պաշտպանական գերատեսչությանը՝ շտապ և արտահերթ կարգով վերանայելու զինհաշմանդամներին տրամադրվող հաշմանդամության կարգի չափորոշիչները, վերանայելու մինչև այժմ փոփոխված հաշմանդամության կարգ ունեցող անձանց կարգավիճակը, վերականգնելու Հիմնադրամի հատուցումները։
Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Ա1+»-ը կապ հաստատեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ, որտեղից հայտնեցին, որ փաստաթղթային փաթեթը ստանում են ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունից, բայց նաև հավաստիացրեցին, որ Զինվորների ապահովագրության հիմնադրամը պարզաբանմամբ հանդես կգա։ Կապ հաստատեցինք նաև Աշխատանքի և սոցաիալական հարցերի նախարարության ներկայացուցչի հետ, ով ևս նշեց, որ պարզաբանմամբ հանդես կգան առաջիկայում։
Փորձեցինք կապ հաստատել նաև ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության աշխատակիցների հետ, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։
Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի ընթացքում շուրջ 11 հազար անձ է վիրավորվել։