Բացել լրահոսը Փակել լրահոսը
2 (53)
A A
Պաշտոնական

ՌԴ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին անդրադարձել են Վերին Լարսի անցակետի խնդրին

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում հուլիսի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստը` ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի եւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ՝ հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունների պատմական բնույթն ու առանձնահատուկ նշանակությունը` հիմնված դարավոր բարեկամության եւ համագործակցության վրա:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ` հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է երկու երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը երկկողմ կապերին հատուկ երանգ է տալիս: Տարեցտարի մեր հանձնաժողովն ընդլայնում է իր գործունեությունը` դառնալով խորհրդարանական փոխգործակցության ամենակարեւոր գործոններից մեկը»,- շեշտել է Հակոբ Արշակյանը:

Նրա խոսքով` չնայած ժամանակակից աշխարհի դժվարություններին եւ մարտահրավերներին` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերը շարունակում են ավանդաբար ամուր մնալ: «Ռուսաստանը Հայաստանի առեւտրային գործընկերների ցանկում առաջին տեղն է զբաղեցնում»,- փաստել է ԱԺ նախագահի տեղակալը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Վերին Լարսի անցակետի խնդրին` նշելով, որ այն ռուս-վրացական սահմանի միակ ցամաքային անցակետն է, որը կապում է մեր երկրները: «Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք կրկին բախվեցինք անցակետի անցման խնդրին: Առավել շոշափելի էր վնասը բերքահավաքի սեզոնին, որին բախվեցին արտադրողներն ու փոխադրողները»,- ասել է նա: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել հարցը խորհրդարանական վերահսկողության տակ վերցնելու եւ այդ խնդրի լուծմանը նպաստելու նախաձեռնությամբ: Նա հույս է հայտնել, որ խորհրդարանականների ջանքերով ծանր տրանսպորտային միջոցների հերթերի խնդիրը երկարաժամկետ լուծում կստանա:

«Մենք մտադիր ենք նոր թափ հաղորդել Միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքին` երկկողմ օրակարգը հարստացնելու նոր գաղափարներով եւ առաջարկներով` կապված երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խորացման հետ»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ռուս գործընկերների հետ բազմաթիվ միջազգային հարթակներում` ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում, Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ-ում, ինչպես նաեւ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, հաջողված համագործակցությանը: «Միջազգային հիմնարար խնդիրների շուրջ մեր երկրների դիրքորոշումները մոտ են կամ համընկնում են: Ռուսաստանը միջազգային ասպարեզում Հայաստանի կարեւոր ռազմավարական գործընկերներից է»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

Եզրափակելով խոսքը` ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ հանձնաժողովի աշխատանքն արդյունավետ կլինի, եւ դրա արդյունքները կամրապնդեն Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ու փոխգործակցությունը:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովն անդրադարձել է Ռուսաստանում հայկական Սփյուռքի դերին, երկու երկրների տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հեռանկարներին: Նրա խոսքով` Ռուսաստանում ապրող մոտ երեք միլիոն հայերն իրենց ներդրումն են ունենում երկրի հասարակական կյանքում եւ տնտեսական առաջընթացի գործում: Յուրի Վորոբյովը հավելել է, որ մեծ է նաեւ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առեւտրային հաշվեկշռում. անցած տարվա ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 2,5 մլրդ ԱՄՆ դոլարը` ավելանալով գրեթե 13 տոկոսով:

Նիստի մասնակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացմանը, ինչպես նաեւ տնտեսական, մշակութային եւ կրթական երկկողմ կապերի զարգացման գործում սփյուռքի դերակատարությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությանը, այդ թվում` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ թվայնացման տեմպերի արագացման ուղղությամբ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը հայկական եւ ռուսական համայնքների աջակցության հնարավոր մեխանիզմների մշակման ուղղությամբ, օգտագործել ռեսուրսները մշակութային փոխգործակցության խթանման գործում: Կարեւորվել է Հայաստանում ռուսաց լեզվի եւ Ռուսաստանում հայոց լեզվի ուսումնասիրությունը, գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը կաջակցեն գիտության եւ կրթության միասնական թվային հարթակի ստեղծման նախաձեռնությանը, որը միտված է կադրային եւ տեխնոլոգիական ներուժի արագացված եւ երկարաժամկետ զարգացմանը:

Հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը Հակոբ Արշակյանի առաջարկով կանցկացվի Հայաստանում` Ծաղկաձոր քաղաքում: