Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թագուհի Թովմասյան
A A
Քաղաքականություն

Թեեւ ԲԴԽ-ում խառը վիճակ է, սպասում եմ գործուն քայլերի. Թագուհի Թովմասյան

Աժ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հայտարարությունը 

Դիմում եմ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարին՝ երեխաների ներգրավվածությամբ բոլոր գործերով դատական նիստերը դռնփակ անցկացնելու հարցով:

Դատալեքս դատական տեղեկատվական կայքի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ դատարաններում քննվող բազմաթիվ գործեր առնչվում են անչափահաս երեխաների իրավունքներին ու շահերին, և այդ գործերով կայացված դատական ակտերն ու դրանցում արձանագրված անչափահաս երեխաների անձնական տվյալները /ԱԱՀ, ծննդյան ամիս, ամսաթիվ, տարեթիվ, բնակության վայրի հասցե, ուսումնական հաստատության հասցե և այլն/ հասանելի են կայքի ցանկացած օգտվողի, ինչը միանշանակ անթույլատրելի է։

Միջազգային իրավակարգավորումների համաձայն` երեխաների և նրանց ընտանիքների վերաբերյալ մասնավոր տեղեկություն պարունակող տեսաձայնագրությունները, փաստաթղթերը և նիստերի բովանդակությունը պետք է լինեն խիստ գաղտնի և ոչ հասանելի այլ անձանց: Հասանելիությունը պետք է տրամադրվի միայն գործի հետ ուղղակիորեն կապված և սահմանված կարգով լիազորված այլ անձանց: Երեխայի ներգրավվածությամբ գործի վերաբերյալ չպետք է հրապարակվի որևէ տեղեկություն, որը կարող է բացահայտել կամ անուղղակիորեն հնարավոր դարձնել երեխայի ինքնության բացահայտումը:

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 16-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ոչ մի երեխա չպետք է ենթարկվի իր անձնական կյանքի, ընտանիքի կյանքի, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիության կամայական կամ ապօրինի միջամտության, կամ իր պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության:

2. Երեխան նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի կողմից պաշտպանության իրավունք ունի»:

Երիտասարդների և ընտանեկան հարցերով դատավորների և մագիստրների դատական էթիկայի սկզբունքների 8-րդ սկզբունքի համաձայն` «Դատավորը պետք է հարգի իր դատական գործունեության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության գաղտնի բնույթը, որի բացահայտումը կամ օգտագործումը կարող է համարվել երեխայի կամ երիտասարդի մասնավոր կյանքի խախտում, եթե նա կամ նրա ընտանիքը կամ այլ անձ ընդգրկված են դատավարական գործընթացում»: Երեխաների և նրանց ընտանիքների մասնավոր կյանքի մասին խիստ անձնական տեղեկատվության հրապարակումը կարող է խախտում հանդիսանալ, հատկապես երբ երեխաներին հնարավոր է լինում նույնականացնել:

Ստիգմատիզացիան և պիտակավորումը կարող են ունենալ երկարաժամկետ ազդեցություն կրթության, աշխատանքի, ցանկալի ընկերների և անձնական անվտանգության հասանելիության հետ կապված նրանց ներկա և ապագա հնարավորությունների վրա, որը վտանգում է նրանց սոցիալական ինտեգրումը և լիարժեք քաղաքացի դառնալու նրանց հնարավորությունները:

Չնայած, որ ներպետական օրենսդրությամբ՝ մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են դատական վարույթի դռնփակության վերաբերյալ դրույթներ, սակայն դրանք չեն ապահովում երեխայի մասնավոր կյանքի, պատվի և արժանապատվության անձեռնմխելիությունը, քանի որ եթե կողմերը չեն միջնորդում, դատարանն էլ նման նախաձեռնությամբ հանդես չի գալիս, ապա գործը քննվում է դռնբացության պայմաններում։ Վերոգրյալի հիման վրա Բարձրագույն դատական խորհրդին առաջարկել եմ դիտարկել դատարանների համար երեխաների ներգրավվածությամբ ընտանեկան վեճերին վերաբերելի բոլոր գործերով պարտադիր դռնփակ դատական նիստ հրավիրելու պարտականություն սահմանելու հնարավորությունը և որպես հետևանք` արգելել տվյալ գործերով դատական ակտերի հանրայնացումը Դատալեքս դատական տեղեկատվական կայքում՝ ի ապահովումն երեխաների իրավունքների և շահերի հարգման ու պաշտպանման, միաժամանակ ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման։

Սպասում եմ գործուն քայլերի. թեեւ ԲԴԽ-ում խառը վիճակ է: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան