Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karlsen 4.07.
A A
Սպորտ

Մագնուս Կարլսենը դեմ է շախմատի հավակնորդների մրցաշարին

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը և աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը քննարկել են շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտի ձևաչափը փոխելու հարցը։

Ինչպես նշում է El Pais թերթը, նրանց զրույցը տևել է մոտ 40 րոպե։ Դրա ավարտից հետո կողմերը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ։ Ըստ աղբյուրի, ՖԻԴԵ-ի նախագահն ու նորվեգացի շախմատիստը կարողացել են համաձայնության գալ։

Նշենք, որ գործող կանոնների համաձայն շախմատային թագի համար մրցախաղում հանդիպում են գործող չեմպիոնն ու հավակնորդների մրցաշարի հաղթողը։ Այս տարվա հավակնորդների մրցաշարում, որը դեռ շարունակվում է Մադրիդում, արդեն հայտնի է հաղթողը։ Դա ռուսաստանցի Յան Նեպոմնյաչշին է, որը նախավերջին 13-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Ռիչարդ Ռապորտի հետ, վաստակել է 9,5 միավոր և անհասանելի դարձել իրեն հետապնդող Հիկարու Նակամուրայի համար։

Այժմ նա պետք է հանդիպի Մագնուս Կարլսենի հետ 2023 թվականին։ Նախորդ տարի նրանք արդեն հանդիպել են աշխարհի թագի համար մրցամարտում։ Այն ավարտվել էր աշխարհի չեմպիոնի վստահ հաղթանակով՝ 7,5։3,5։

Մագնուս Կարլսենը ավելի վաղ հայտնել էր, որ ցանկանում է համաշխարհային շախմատի թագի համար խաղալ Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջայի հետ, որը վերջին մեկ տարվա ընթացքում ամենամեծ առաջընթացն է գրանցել ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում։ Ըստ նրա, գործող աշխարհի չեմպիոնն անձամբ պետք է ընտրի իր մրցակցին, որպեսզի բացմազան լինեն թագի համար մրցամարտերը։