Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեդիա կառավարման առցանց դպրոցի շնորհանդեսին ԵՄ դեսպանը հիշեց՝ իրեն էլ են թիրախավորել

«Սա մեր էքսպերիմենտն է եւ լուրջ պատասխանատվություն»,- ասում է  Մեդիա  նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։   Մեդիա  նախաձեռնությունների կենտրոնի՝ ՄՆԿ-ի հերթական միջոցառման «թիրախում» ոլորտի արդեն իսկ կայացած ներկայացուցիչներն են։

ՄՆԿ-ն եւ Դոյչե Վելլե Ակադեմիան ներկայացնում են Մեդիա կառավարման առցանց դպորցի ուսումնական ծրագիրը։  Այսօրվա միջոցառմանը ներկա են դպրոցի առաջին խմբի ուսանողները, որոնք ոչ միայն Երեւանից են, այլեւ մարզերից։ Մինչեւ 2023թ գարուն նախատեսվում է ունենալ 3 դպրոց՝  20-ական մասնակիցներով։

Նունե Սարգսյանը  նկատում է՝ Հայաստանում  գրեթե ցանկացած մեդիա մենեջեր գիտի՝ ինչպես սուղ կադրային եւ ֆինանսական միջոցներով հաղթահարել ճգնաժամը։ Ու թերեւս՝  հաճախ կրկնվող այդ իրավիճակներն են պատճառը, որ մեդիա զարգացման ծրագրերը ոչ թե  ձախողվում են, այլ, առավել հաճախ,  չկան։ Ըստ Սարգսյանի՝ դպրոցի նպատակն է մասնակիցներին ուղղորդել մտածել մեդիայի զարգացման ուղղությամբ։  Առցանց դպրոցի կրթական ծրագրի նպատակն է  զարգացնել հմտություններ լրատվամիջոցների  ռազմավարության, մարքեթինգի, նախագծման ստեղծման, ռեսուրսների եւ ֆինանսների  կառավարման ոլորտներում։

Այսօրվա միջոցառմանը մասնակցում էին  Դոյչե Վելլե Ակադեմիայի  գործադիր տնօրեն Քարսթն ֆոն Նամեն եւ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Վերջինս շեշտում է՝ իրենք կարեւորում են Հայաստանում խոսքի ազատությունն ու ազատ ԶԼՄ-ների գոյությունը։ Բայց միեւնույն ժամանակ բացասական միտումներ են տեսնում, քանի որ ազատ խոսքի անվան տակ ապատեղեկատվություն է տարածվում։ Ասում է, որ այդ ապատեղեկատվությունը առավել հաճախ տարածվում է  Ֆեյսբուքում, եւ ինքն էլ է հայտնվել դրա թիրախում ։

Դոյչե Վելլե Ակադեմիայի  գործադիր տնօրենը փորձեց  լավատեսական նոտա մտցնել դեսպանի խոսքին հաջորդած իր ելույթում՝  դիմելով ներկաներին․ «Մենակ չեք, այս խնդիրները, որր կան ձեր երկրում,  մեր մոտ էլ կան, օրինակ՝ փաստերի ստուգման հետ կապված»։