Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled Design (6)
A A
Հասարակություն

Հերթական ՊՈԱԿ-ն է ստեղծվում․ անպատասխան հարցեր նախագծում

Կառավարությունը պատրաստվում է հերթական ՊՈԱԿ-ը  ստեղծել։ Ինչպես  տեղեկանում ենք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակից՝ առաջարկվում է ստեղծել «Ոստիկանության էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Այս նոր ՊՈԱԿ-ը պիտի իրականացնի տեսախցիկների, ֆոտոխցիկների, արագաչափ սարքերի վերահսկողությունը,  շահագործումը, սպասարկումը, նաեւ արտադրությունը և վերանորոգումը։

Նախագիծը բազմաթիվ հարցեր է առաջացնում, մասնավորապես, չկա պատասխան՝ ո՞րն  է ոլորտը  պետականացնելու անհրաժեշտությունը։

Ըստ  ոստիկանության  մշակած նախագծի՝  այս կենտրոնը  ունենալու է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձի կարգավիճակ, բայց ոնենալու է այն գործառույթները, որոնք ներկայումս իրականացնում է մասնավոր ընկերությունը։

Շահույթ չհետապնդող ՊՈԱԿ-ին թույլատրվելու է  նաեւ իր  կողմից հավաքագրված օրենքով չարգելված տեղեկատվության (տեսանյութեր, լուսանկարներ և այլն) վճարովի տրամադրում։

Կառույցին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվելու է ներկայումս  ոստիկանությանը ամրացված մի քանի  հարյուր քառ․ մետր շենք ու շինություն եւ այլ գույք։

Նշվում է՝ որոշման նախագծի ընդունումը ֆինանսական լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների մասում փոփոխություն չի առաջացնի

Որքանով է նպատակահարմար  այսպիսի ՊՈԱԿ-ի ստեղծումը, նախագիծը պատասխան չի տալիս։  Ընդհանրապես, նախագիծը բազմաթիվ հարցեր անպատասխան  է թողնում։

Օրինակ,  նշվում է՝  տեսախցիկներն աշխատում են հունգարական STP ծրագրով, որը չի ինտեգրվում ներկայումս շուկայում առկա տեխնիկածրագրային լուծումների հետ:

Հարց է առաջանում՝  իսկ հիմա ինչպե՞ս են աշխատում արագաչափերն եւ մյուս սարքերը։  Կամ եթե ծրագիրը չի ինտեգրվում, ենթադրվում է՝  պետք է փոխել, միթե այդ դեպքում լրացուցիչ ծախսերի կարիք չկա՞։

Բայց հարցերից հարցը մնում է՝ քանի հոգի եւ ովքեր են աշխատելու այս նոր ՊՈԱԿ-ում։

Մեր տեղեկություններով՝  բարձր աշխատավարձով 500-ից ավելի մասնագետ  է  ներկայումս աշխատում արագաչափերն ու նկարահանող սարքերը շահագործող, վերահսկող մասնավոր ընկերությունում։   

Արդյո՞ք այդքան բարձր աշխատավարձ են ստանալու ՊՈԱԿ աշխատակիցները, արդյո՞ք պետբյուջեն պատրաստ է այդ բեռը վերցնել։ 

Եւ նորից  նույն հարցը՝ ինչու է  պետականացվում այս ոլորտը, եթե պատասխանատուները բազմիցս հայտարարարել են, որ գոհ են արդյունքներից։

  Ի դեպ, այս նախագծին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ընդամենը 3 տոկոսն է կողմ քվեարկել, իսկ 97-ը՝  դեմ։