Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիգեն Հակոբյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Հիմա ավելի ուժեղանալու է հանրապետականների կշիռը․ Վիգեն Հակոբյան

Հարցազրույց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ․

-ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վայր է դնում մանդատը և նրա գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը, ըստ էության, դուրս է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքից։ Սա ներքին տարաձայնությունների՞ հետևանք էր, դեմա՞րշ էր ՀՀԿ-ի կամ Սերժ Սարգսյանի դեմ։
Ի՞նչ էր սա։

-Դեռևս ապրիլի 17-ին, երբ Արթուր Վանեցյանը որոշում ընդունեց գնալ Ազատության հրապարակ, արդեն ըստ էության ուներ այդ որոշումը՝ խորհրդարան չվերադառնալու։ Նա այդ մասին հայտարարեց ուղղակի տեքստով։ Դա արդեն նշանում է, որ արդեն կար քաղաքական որոշում։ Նույնն էլ ֆրակցիայի մասով։ Այսինքն՝ ոչ թե հետագա պրոցեսները բերեցին այս որոշմանը, այլ այդ որոշումը ի սկզբանե կար։ Այնուամենայնիվ, խոսքն այստեղ դեմարշի մասին չէ, որի համար որևէ պատճառ ինձ հայտնի չէ՝ գոնե արտաքուստ չկար նման բան։ Պարզապես «Հայրենիք» կուսակցությունը որոշեց ավելի շատ զբաղվել ինքնուրույն գործունեությամբ։

-Պարոն Հակոբյան, երբ Վանեցյանը ամենասկզբում հայտարարեց խորհրդարան չվերադառնալու մասին, նա իրականում հույս ունե՞ր, որ շարժումը հասնելու է իր վերջնանպատակին։

-Ցանկացած լուրջ քաղաքական գործիչ, երբ մտնում է ինչ-որ գործընթացի մեջ ինքն առնվազն մի քանի ծրագիր է ունենում։ Այսինքն՝ մտածելը, թե մտնում ես որևէ պրոցեսի մեջ, որը դատապարտված է հաջողության, առնվազն միամտություն է։ Չեմ կարծում, թե Արթուր Վանեցյանն այդպիսի իլյուզիաների մեջ էր։ Իհարկե, կար մի քանի տարբերակ՝ ավելին ասեմ, երբ «Դիմադրության» շարժումը սկսվում էր, չեմ կարծում, որ իրենք ենթադրում էին, թե այսքան երկար ժամանակ փողոցում են լինելու։ Կարծում եմ՝ սկզբում, ըստ իրենց ծրագրի, մեկ շաբաթ էր նախատեսված, հետո ընթացքում ծրագրերը փոխվեցին, հասկացան, որ ունեն մշտական զանգված՝ ծրագրերն ընդլայնվեցին։ Հիմա Արթուր Վանեցյանի պարագայում ինքն ուներ մի քանի հնարավոր ծրագիր։ Ընդհանուր առմամբ հիմա մարտական ոչ-ոքի է։ Իշխանությունը հաստատ չի ուժեղացել։ Ընդդիմությունը որոշակի դիվիդենդներ քաղել է․ շատ դեպքերում անգամ իր համար անսպասելի, բայց արձանագրել է, որ ունի մշտական համակիրների զանգված։

Հիմա ես կարծում եմ՝ Արթուր Վանեցյանը գտնվում է մարտավարության փոփոխությունների փուլում։ Ընդ որում՝ նա ավելի ռադիկալ փոփոխության գնաց նաև մանդատը վայր դնելով և իր ամբողջ գործողությունները պատկերացնելով միայն դրսում։

 -Եթե Վանեցյանի մանդատը վայր դնելու որոշումը ռադկալ էր, ապա կարելի՞ է ենթադրել, որ նրա հետագա փողոցային պայքարը ևս լինելու է ռադիկալ՝ առավել քան «դիմադրության» շարժման դեպքում։

-Չեմ կարող հիմա նման կանխատեսում անել, քանի որ ինքն իր ծրագրերը չի բացահայտել։ Ես ուշադիր հետևում եմ իր հարցազրույցներին։ Ինքն ընդամենը մեկանաբանում է այն, ինչ որ ինքն արել է արդեն և դրդապատճառների մասին է խոսում։ Թե ինչ մարտավարությամբ է շարժվելու առաջիկայում, դեռ դրա մասին չի խոսել։

 -Ինչու՞ «Դիմադրության» շարժումը չհասավ իր վերջնանպատակին։

-Վերլուծելով հետխորհրդային և արաբական երկրների պատմությունը, կարելի է ասել՝ թավշյա հեղափոխությունը միշտ հաջողության է հասնում սովորաբար այն երկրներում, որտեղ իշխանությունը պատրաստ է իշխանությունը հանձնելու։ Կամ էլ իշխանության թևերից մեկը անցնում է ընդդիմության կողմը։ Հիմա, երկու տարվա ընթացքում մենք տեսանք, որ նման տենդենցներ չեն արձանագրվել։ Բացի, իհարկե, 2021-ի փետրվարին գենշտաբի հայտարարությունից։

-Պարոն Հակոբյան, իսկ «Հայրենիք» կուսակցության դուրս գալը ինչ-որ կերպ կարո՞ղ է փոխել խորհրդարանական կյանքը

 -Ես կարծում եմ, որ այնտեղ ավելի ուժեղանալու է հանրապետականների կշիռը։ Կարծում եմ, որ խորհրդարանական կյանքում շատ բան չի փոխվելու։ Չեմ բացառում, որ էլի մարդիկ դուրս կգան։ Բայց միևնույն է ֆրակցիաները մնում են, նրանց փոխարեն ուրիշ մարդիկ են գալու։

 

Զրուցեց Գառնիկ Զաքարյանը