Հարուստները նույնպես արտասվում են
Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկող «Հոֆենհայմի» սեփականատեր Դիտմար Հոպը հայտարարել է, որ 2007-2010 թթ ակումբը 80 մլն եվրոյի վնաս է կրել:
«Մինչեւ Բունդեսլիգա տեղափոխվելը մենք քիչ գումար էինք ծախսում ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա: Սակայն 2008 թվականից սկսած դրանք գնալով ավելանում են: Այժմ մեր ակումբի բյուջեն կազմում է 45 մլն եվրո, սակայն դա այնքան էլ մեծ գումար չէ, եթե համեմատենք առաջատար ակումբների բյուջեների հետ» - ասել է Դիտմար Հոպը:
Միլիարդատիրոջ կարծիքով ֆուտբոլում անընդհատ ավելանում են տարբեր ծախսերը, ինչի պատճառով ակումբները գնալով մեծ պարտքեր են կուտակում: «Ընդհանուր առմամբ ես ակումբի վրա 240 մլն եվրո եմ ծախսել» - եզրակացրել է անվանի բիզնեսմենը:
Նշենք, որ «Հոֆենհայմը» ներկայացնում է համանուն փոքրիկ քաղաքը, որի բնակչությունը ընդամենը 3000 մարդ է: Սակայն հենց ֆուտբոլի օգնությամբ այդ բնակավայրը հայտնի է դարձել ոչ միայն Գերմանիայում, այլեւ աշխարհում: