Աշխարհում լավագույնը Մեսին է
Այսօր Ցյուրիխի օպերայի թատրոնում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի շնորհանդեսը, որի ժամանակ հայտնի դարձան 2010 թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը եւ մարզիչը:
Լրագրողների, ազգային հավաքականների մարզիչների եւ ավագների հարցման արդյունքներով 2010 թ լավագույն ֆուտբոլիստ հռչակվեց Արգենտինայի հավաքականի եւ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին: Երկրորդ եւ երրորդ ճանաչվեցին նրա թիմակիցներ Խավին եւ Անդրեաս Ինյեստան:
Լավագույն մարզչի կոչմանը արժանացավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն: Նա առաջ անցավ աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեից եւ վերջերս «Ռեալին» 5:0 հաշվով հաղթած «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից:
ՖԻՖԱ-ն հրապարակեց նաեւ 2010 թվականի իդեալական հավաքականի կազմը: Ահա այն.
Դարպասապահ` Իկեր Կասիլյաս (Իսպանիա, «Ռեալ»):
Պաշտպաններ` Կառլես Պույոլ, Խերարդ Պիկե (Իսպանիա, «Բարսելոնա»), Լուսիո, Մայկոն (Բրազիլիա, «Ինտեր»):
Կիսապաշտպաններ` Անդրեաս Ինյեստա, Խավի (Իսպանիա, «Բարսելոնա»), Վեսլի Սնայդեր (Հոլանդիա, «Ինտեր»):
Հարձակվողներ` Ռոնալդու (Պորտուգալիա, «Ռեալ»), Լիոնել Մեսի (Արգենտինա, «Բարսելոնա»), Դավիդ Վիլյա (Իսպանիա, «Վալենսիա»/«Բարսելոնա»):
Հավելենք, որ բրազիլուհի Մարթան 5-րդ տարին անընդմեջ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհի: