Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վիճաբանություն՝ լրագրողի և ՔՊ-ականների միջև (տեսանյութ)

«Ձեր հարցադրմանը ըստ էության ուղիղ պատասխան չի կարող հնչել։ Բանակցություններն ընթանում են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքների և իրավունքների իրացման համար»․ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին պատասխանեց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

Նշենք, որ լրագրողը հարցադրում էր արել, թե եթե խորհրդարանում ինչ-որ ձևաչափով ամրագրվի, որ Արցախը չի կարող լինելու Ադրբեջանի կազմում, ապա դա կարո՞ղ է արդյոք խանգարել խաղաղության գործընթացին։

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի Արցախի հարցի շուրջ պայմանավորվածությունները շարունակել է Սերժ Սարգսյանը։ Վերջինիս պայմանավորվածություններն էլ ավարտվել են 2018-ին, երբ հայտարարել է, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ պատերազմն անխուսափելի է։

Այնուհետև լրագրողը հիշեցրեց վարչապետի երեկվա ելույթը՝ ընդգծելով, որ այն հույս չի ներշնչում։ Պատգամավոր Արփի Դավոյանն ընգծեց, որ հիմա չեն խոսում հույսի ու կենացների մակարդակում, ինչը, նրա խոսքով, տարիներ շարունակ եղել է։

Պատգամավորը, մեկնաբանելով վարչապետի խոսքերը, նշեց, որ Արցախի կարգավիճակի հարցը ըստ նախորդ իշխանությունների վարած բանակցության, որոշելու էր Ադրբեջանը։

Դավոյանն իր խոսքն ընդհատեց, քանի որ այդ պահին վիճաբանություն սկսվեց Արուսյակ Ջուլհակյանի և հարց տվող լրագրողի միջև։