Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արթուր Հովհաննիսյան
A A
Քաղաքականություն

Հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել և բախում հրահրել. Հովհաննիսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ընդդիմադիր ուժերի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ այս պահին կա 13 ձերբակալված ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի (Զանգվածային անկարգությունները) հատկանիշներով։

Փաստը, որ դեպքի վայրից, ի թիվս քարերի, շշերի և ձեռքի տակ եղած այլ առարկաների, հայտնաբերվել են նաև մետաղե և փայտե ձողեր, ըստ էության, եւս մեկ վկայությունն է այն բանի, որ հավաքի կազմակերպիչները նախօրոք պլանավորել էին սադրել եւ բախում հրահրել ոստիկանների եւ հավաքի մասնակիցների միջեւ` հաշվի չառնելով երեխաների, կանանց եւ տարեցների ներկայությունը։

Կարծում եմ` հավաքին մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ կազմակերպիչների գերնպատակը քաղաքական ռևանշն է ժողովրդի ընտրության դեմ, եւ այդ ճանապարհին ընդդիմությունը պատրաստ է վտանգել բոլորի առողջությունն ու կյանքը բացի իրենցից։

Այս շարժումն իրոք դիմադրության շարժում է, բայց նրանք դիմադրում են ժողովրդավարությանն ու ժողովրդին, իսկ Արցախը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա օգտագործվում է բացառապես ներքաղաքական նպատակներով»,-գրել է իշխանական պատգամավորը:

Նշենք, որ երեկ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկի հատվածում ցուցարարների ու ոստիկանների միջև բախումներ տեղի ունեցան, որի արդյունքում կիրառվեց նաև լուսաձայնային նռնակ: Ցուցարարները քարեր ու շշեր էին նետել ոստիկանների վրա, ինչից հետո ոստիկանները կոշտ պատասխան տվեցին: Տասնյակ տուժածներից, ըստ պաշտոնական տվյալների, 60-ը դիմել է բուժօգնության: Կատարվածի առթիվ հարուցված քրգործով այս պահին կա 13 ձերբակալված: