Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պետք է խաթարել այն բանակցությունները, որոնց արդյունքում Արցախը պետք  է հայտնվի Ադրբեջանի կազմում․ Մամիջանյան (տեսանյութ)

Սա շատ տարածված մանիպուլյացիա է, որը ես հնարավորություն կունենամ ցրելու։ Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադառնալով իշխանության կողմից շրջանառվող այն լուրերին, թե՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտության բարձրաձայնումը խաթարելու է բանակցային գործընթացը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ այդ նախադասության հնչեցնելը հայկական կողմին, երբեք չի խանգարել վարել հայանպաստ բանակցություններ։

«Իհարկե,  պետք է խաթարել այն բանակցությունները, որոնց արդյունքում Արցախը պետք  է հայտնվի Ադրբեջանի կազմում»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ սրանով իշխանությունը մոլորեցնում է ժողովրդին։

Ընդդիմադիր պատգամավորը չի համարում, որ շարժումը փակուղի է մտել և չի հավատում,որ հայ մնալու,Արցախի հայկական մնալու համար պայքարը կարող է նվազել։

«Ես գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է խիստ կարևորի այն փաստը, որ աշխարհը տեսնի, որ մենք գլուխներս կախ չենք համակերպվել այն ամենի հետ,  ինչ փորձում են մեր վզից փաթաթել օտարերկրյա շահերը սպասարկող անձինք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագիծը։ ՔՊ-ն բոյկոտեց նիստը և քվորում չապահովեց։